Հայտնի ու սիրված երգեր, նոր ու դեռևս չլսված կատարումներ. Ռեինկարնացիայի նոր համերգը

Ռեինկարնացիա խումբը շարունակում է այս ոճի սիրահարներին մատուցել որակյալ ու յուրահատուկ երաժշտություն: Խումբն այս անգամ համերգային ծրագրով մեկնում է ԱՄՆ: Ծրագրված է երկու համերգ՝ դեկտեմբերի 1-ին և 5-ին Լոս Անջելեսի Վերանադա ռեստորանային համալիրում, որն ինչպես երևում է, դարձել է Լոս անջելեսում ամենասիրված ժամանցի վայրերից մեկը. հատկապես վերջին շրջանում հենց այս համալիրում են կայանում տեղի հայ համայնքի ամենանշանավոր իրադարձությունները: Խումբը ներկայանալու է ProjectOne band-ի հետ. հիշեցնենք, որ նույն այս բենդի հետ բավական վերջերս Լոս Անջելեսում համագործակցում էր նաև երգիչ Սևակ Խանաղյանը: Ի դեպ, ինչպես տեղեկանում ենք խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից, մինչ համերգի մասին պաշտոնապես կհայտարարվեր, դեկտեմբերի 1-ի համերգային երեկոյի տոմսերն արդեն սպառվել են: