Պետությունն իրավունք ունի՞ արգելափակել օգտատիրոջը սոցցանցում

Այս թեմային պարբերաբար ցանկացել եմ անդրադառնալ։ Հայաստանում ինտերնետի ազատության մասին Freedom House-ի զեկույցը թեմայի մասին գրելու առիթ դարձավ։

Ֆեյսբուքի իմ էջում զեկույցի քննարկման ժամանակ Տիգրանյան Հայկ անունով օգտատերն այսպիսի մեկնաբանություն արեց․ «Դեռ պետքա ավելի բարելավենք։ Էնպես չի որ խնդիրները քիչ են։ Պետական կառույցները մարդկանց բլոկում են իրենց ղեկավարի հասցեին թեթև քննադատական խոսքի համար։ Անձամբ ինձ ԱԱԾ ֆբ էջը բլոկել էր միայն էն պատճառով, որ գրել էի «Պարոն Վանեցյանը թող իր գործը լավ անի ու շրջանակներից դուրս չգա»։

Ահա քննարկվող հարցը․ արդյոք պետությունը կամ պետպաշտոնյան սոցցանցում իր պաշտոնական էջում իրավունք ունի արգելափակել օգտատիրոջը։

Հայաստանում այս թեման բազմիցս քննարկվել է, բայց զուտ սոցցանցային մեկնաբանությունների մակարդակով։ Սակայն, եթե գնանք ԱՄՆ, ապա այնտեղ գոյություն ունի նույնիսկ դատական որոշում տվյալ հարցով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես հայտնի է, ահավոր սիրում է օգտվել Թվիթերից (ասեմ ավելին, Թվիթերն էլ է շատ սիրում Թրամփի այդ բնավորությունը, քանի որ դա կտրուկ բարձրացնում է սոցցանցի այցելությունները և, բնականաբար, եկամուտները)։

Թրամփն իր էջում պարբերաբար արգելափակում է  ընդդիմախոս թվիթերցիներին։ Յոթ հոգի այս հիմքով դատի էին տվել ԱՄՆ նախագահին և գործը շահել դատարանում։ Պարզվում է խոսքի ազատության ոտնահարում է, երբ քննադատներին արգելափակում ես սոցցանցում։

Սա Ամերիկայում։ Ինչպե՞ս է իրավիճակը Հայաստանում։ Պարզ չէ։

Բայց եկեք տրամաբանենք. խոսքի ազատության տեսանկյունից մենք նույնպես ունենք խնդիր, երբ մարդուն արգելափակում են սոցիալական ցանցի պաշտոնական էջում։ Ամերիկյան խոսքի ազատությունը ինչո՞վ է ավելի խոսքի ազատություն, քան մեր խոսքի ազատությունը։

Սահմանադրության մեջ խոսքի ազատության մասին հատուկ հոդված կա։

Սահմանադրություն, Հոդված 24. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը պնդելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվել իր կարծիքից կամ փոխել այն:

Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք` ներառյալ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից:

Գոյություն ունի նաև Տեղեկատվության ազատության մասին օրենք։ Այսպես, օրինակ․

Հոդված 12.
Տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողների պարտականությունները

Տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով՝
1) ապահովել տեղեկությունների մատչելիությունը և հրապարակայնությունը.

Կամ, վերցնենք այլ հատված․

Հոդված 7.
Տեղեկությունների մատչելիության և հրապարակայնության ապահովումը

2. Տեղեկատվություն տնօրինողն անհապաղ հրապարակում կամ այլ մատչելի ձևով հանրությանը տեղեկացնում է իր տնօրինության տակ գտնվող այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանն սպառնացող վտանգը։

Օրենքի այս կետերի հիման վրա կարելի է գալ եզրակացության, որ մարդուն արգելափակելը սոցցանցային էջից, որը այսօր շատերի համար հիմնական տեղեկատվության աղբյուր է, ինչ֊որ առումով անհամապատասխան է տեղեկատվության ազատության վերոնշյալ և մի շարք այլ դրույթների հետ։

Իհարկե, պետական մարմինների էջերի մոդերատորները կարող են հակաճառել, որ բազմաթիվ հայհոյախառը մեկնաբանություններ անողներ կան, դրանց ինչպե՞ս չարգելափակես և այլն։

Անկասկած, կարևոր է, որպեսզի մեկնաբանություններում չհայտնվեն գռեհիկ կամ նույնիսկ Քրեական օրենսգրքին հակասող գրառումներ։ Բայց այս ամենը պետք է կարգավորվի։

Օրինակ, Միացյալ թագավորության վարչապետի ֆեյսբուքյան էջում հստակ գրված է․ եթե դուք մեկնաբանելու եք այս էջը, ընթերցեք մեր մոդերացիոն քաղաքականությունը։

Հղումով մանրամասն ներկայացված է, թե որ  սոցցանցում որ տիպի մեկնաբանությունները կարող են հեռացվել, իսկ մեկնաբանողները նաև արգելափակվել։

Կգտնե՞ք նման զգուշացումներ մեր պաշտոնյաների կամ պետական կառույցների էջերում։ Ես որ չգտա։ Այսինքն, ստացվում է, որ խաղի կանոններ չկան։ Ինչը ոգեշնչող չէ։

Սամվել Մարտիրոսյան

media.am