Ճապոնական Նարա քաղաքի Բժշկական համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ քնած ժամանակ սենյակում անգամ չնչին լույսի առկայությունը կարող է հանգեցնել սրտի վտանգավոր հիվանդությունների և գլխուղեղի կաթվածի զարգացման: Այս մասին գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով Naked Science-ին:
Գիտնականներն անց են կացրել հետազոտություն 989 կամավորի մասնակցությամբ, որը տևել է երեք տարի: Գիտափորձի ժամանակ քնած մարդկանց գլխավերևում դրվել են լուսամփոփներ, որոնց լույսի աղբյուրը շրջված էր առաստաղի կողմը:
Գիտափորձի արդյունքում մասնագետները հայտնաբերել են ակնհայտ կապ գիշերային լուսավորության ինտենսիվության և աթերոսկլերոզի՝ զարկերակների պատերին վահանիկների առաջացմանը հանգեցնող քրոնիկ հիվանդության զարգացման միջև:
Հետազոտությունը ցույց է տվել, որ փակ կոպերի միջով լույսի ներթափանցումը նվազեցնում է մելատոնինի՝ «գիշերվա հորմոնի» մակարդակը, ինչի հետևանքով խանգարվում է ամբողջ օրգանիզմի աշխատանքը: Ի վերջո սա կարող է հանգեցնել սրտի տարբեր հիվանդությունների և անգամ գլխուղեղի կաթվածի զարգացման: Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են խուսափել քնած ժամանակ լուսամփոփների և լույսի այլ աղբյուրների գործածությունից: