Որ դեպքերում է քաշի նվազումը հուշում առողջական լուրջ խնդիրների մասին

Ներկայում ավելորդ քաշը լուրջ խնդիր է դարձել շատերի համար, ուստի քաշի անգամ չնչին նվազումը երբեմն դիտարկվում է որպես լուրջ ձեռքբերում: Սակայն խնդիրն այն է, որ երբ մարդը նիհարում է առանց որևէ ջանք գործադրելու, նա հազվադեպ է անհանգստանում առողջական վիճակի համար, մինչդեռ իրականում քաշի անբացատրելի կորուստը բազմաթիվ վտանգավոր հիվանդությունների ախտանշան կարող է լինել:

«Մեդինցենտր» («Мединцентр») կլինիկական ախտորոշիչ կենտրոնի բժիշկ-ներզատաբան Թամարա Գելաշվիլիի խոսքով՝ առաջին հերթին հարկավոր է որոշել, թե որն է համարվում քաշի «կտրուկ» կորուստ և ինչն է դրան նախորդել: «Մտածված քաշի չնչին նվազեցումն օրգանիզմն առողջացնելու կամ կազմվածքը պահպանելու համար կարող է արդարացված լինել: Սակայն եթե ընդհանուր ինքնազգացողության ֆոնին տեղի է ունենում քաշ ակամա նվազում (կես տարվա ընթացքում ավելի քան 5%-ով) առանց սննդակարգերի ու մարզումների, ապա հարկավոր է դիմել մասնագետին», – նշում է բժիշկը:

Քաշի կտրուկ անբացատրելի կորուստը կարող է պայմանավորված լինել շատ վտանգավոր հիվանդություններով, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել: Սա կարող է լինել այնպիսի խնդիրների ախտանշան, ինչպիսին են.

  • քաղցկեղը,
  • տուբերկուլոզը,
  • սուր վարակիչ հիվանդությունները,
  • սննդային վարքագծի խանգարումները (օրինակ՝ անորեքսիա),
  • հորմոնալ խանգարումները,
  • երկարատև հոգեհուզական լարվածությունն ու քրոնիկ սթրեսը, որոնք հանգեցնում են ախորժակի կորստի:

Հարկ է հիշել, որ եթե քաշի նվազումն ուղեկցվում էհոգեհուզական լարվածությամբ ու ընդհանուր թուլությամբ, ապա հարկավոր է առաջին հերթին դիմել թերապևտին: Մասնագետը կնշանակի անհրաժեշտ հետազոտությունները, որոնց արդյունքների հիման վրա էլ կուղեգրի անհրաժեշտ մասնագետների մոտ: Այս դեպքում հարկավոր է հնարավորինս շուտ բուժզննում անցնել, քանի որ խնդիրը կարող է պայմանավորված լինել բավական լուրջ հիվանդությամբ:

Նյութի աղբյուրը՝medikforum.ru