20 միլիոն դրամ՝ ծանրորդ Մելինեի մասին ֆիլմին. հակասական կարծիքներ

Ծանրորդ Մելինե (Մել) Դալուզյանի մասին վավերագրական «Մել» ֆիլմի նկարահանման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 20 միլիոն դրամ։ Ռեժիսոր Իննա Սահակյանի այդ ֆիլմը «Բարս Մեդիա» ՍՊԸ-ով ֆինանսական աջակցությունը ստացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի կազմակերպած մրցույթին մասնակցելով: Իսկ Ազգային կինոկենտրոնն այժմ գտնվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության ներքո:

Հիշեցնենք, որ Մելինե Դալուզյանը՝ որպես սեռական փոքրամասնության ներկայացուցիչ, քաղաքական ապաստան է ստացել և, ավելի քան երեք տարի է, բնակվում է Նիդեռլանդներում։

Դալուզյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2007 և 2008 թվականների Եվրոպայի չեմպիոն, 2010 թվականի Եվրոպայի արծաթե մրցանակակիր։ 2006 ու 2010 թվականների աշխարհի առաջնությունների բրոնզե մրցանակակիր է։ Այս տարվա մայիսին Միջազգային օլիմպիական կոմիտեի կայքը հայտնել էր, որ Հայաստանի բազմակի չեմպիոն Մելինե Դալուզյանն արգելված դեղորայք է օգտագործել 2012 թվականին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ։ 2007 և 2008 թվականների Եվրոպայի չեմպիոն, 2010 թվականի Եվրոպայի արծաթե մրցանակակիրը 2012 թվականին արդյունք ցույց չի տվել։ Դոպինգի կրկնակի ստուգումից հետո չեղյալ են հայտարարվել Դալուզյանի ու լատվիացի հեռացատկորդ Ինետա Ռադևիչի՝ Օլիմպիադայի ժամանակ ցույց տված արդյունքները։

Նշենք նաև, որ մեծ իրարանցում էր  առաջացրել  նրա մասնակցությամբ սեռական փոքրամասնությունների՝ ԼԳԲՏ համայնքի մասին «Լսիր ինձ․ չպատմված պատմություններ ատելությունից անդին» փաստավավերագրական ֆիլմը։

168.am-ը փորձեց Հայաստանի ազգային կինոկենտրոնից պարզել, թե ի՞նչ ընթացակարգով է տեղի ունեցել «Մել» ֆիլմի ընտրությունն  ու ֆինանսավորումը:

«Մրցույթ է հայտարարվել այս տարի փետրվարին, մեկ ամիս հետո, երբ հայտերը եկան, եղավ մրցույթը: Ստեղծվում է փորձագիտական անկախ հանձնաժողով, որոնք էլ նայում են բոլոր ստացված հայտերը: «Բարս Մեդիան» դիմել է արտադրական փուլի համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի խոսնակ Ռուզաննա Բագրատունյանը:

«Մել» ֆիլմի նախագիծը դիտարկել է 3 փորձագետներից՝ սցենարիստ Կարինե Խոդիկյանից, ռեժիսոր Արմեն Ադիլխանյանից և կինոօպերատոր Հայկ Կիրակոսյանից կազմված հանձնաժողովը:

«Իրենք են որոշել, ընտրել ֆիլմը: Այդ ֆիլմը համատեղ արտադրության է՝ Ճապոնիայի և Նիդեռլանդների հետ: Ֆիլմին տրվել է 20 միլիոն դրամ, որը կազմում է ֆիլմի բյուջեի 14 տոկոսը: Այն վավերագրական ֆիլմ է, խաղարկային-հնարովի պատմություն չկա, կոնկրետ անձի, բոլորիս հայտնի այդ աղջկա կյանքն է, վավերագրություն է, այդտեղ սեռափոխության մասին խոսք լինել չի կարող: Դա սեռափոխության մասին չէ, դա մարդու ճակատագիր է, մարդու մասին վավերագրական ֆիլմ է»,- ասաց Ազգային կինոկենտրոնի մամուլի խոսնակը:

Գումարը, որը հատկացվել է ֆիլմի նկարահման համար, Կինոկենտրոնի բյուջեից չի տրվել: Կինոկենտրոնից 168.am-ին հարցին ի պատասխան՝ ասացին, որ գումարը Կինոկենտրոնին տրամադրում է կառավարությունը՝ ֆիլմարտադրության համար:

168.am-ի հետ զրույցում Ազգային կինոկենտրոնի խմբագրական բաժնի պետ Անահիտ Թադևոսյանը վստահեցրեց, որ ֆիլմի ընտրության գործում Կինոկենտրոնն առհասարակ որևէ դերակատարում չունի:

«Որոշումը, թե ի՞նչ ֆիլմեր ֆինանսավորվեն, ո՞ր նախագծերն ընտրվեն, 3 հոգի են որոշում կայացնում՝ անկախ փորձագետները: Այդ 3 անկախ փորձագետներն են գնահատում: Իրենց գնահատականների արդյունքում ընտրվում և որոշվում է, թե որ նախագծերը ֆինանսավորվեն: Այդ ֆինանսավորման պրոցեսում արդեն նոր ավելանում են 2 հոգի՝ նախարարության մասնագետը և Կինոկենտրոնի տնօրենը, որովհետև ֆինանսների բաշխման հարց է առաջանում: 5 հոգով որոշում են՝ ո՞ր պրոյեկտին՝ ինչքա՞ն գումար տան, բայց թե ո՞ր պրոյեկտը ֆինանսավորվի, այդ 3 հոգին են որոշում»,- ասաց Անահիտ Թադևոսյանը:

168.am-ը կապ հաստատեց նաև հանձնաժողովի անդամ Կարինե Խոդիկյանի հետ, որը վստահեցրեց, որ այս ֆիլմը ոչ թե սեռափոխության գովազդի, այլ մարդկային դժբախտ ճակատագրի մասին է:

«Այստեղ մարդկային ճակատագիր է և դժբախտ ճակատագիր: Մարդ, որը հիմա ծնվե՞լ է այդպիսին, թե՞ դարձել է այդպիսին, ես չգիտեմ, ինքը ստիպված թողնում է երկիրը և գնում է: Սա փաստագրական հիմքերի վրա է, սա գեղարվեստական ֆիլմ չէ: Երբ ես սցենարը կարդացի, ես մի բան հասկացա, որ այդ ֆիլմը նկարահանելուց հետո մարդիկ պիտի փառք տան, որ իրենց ընտանիքում նման երևույթ չկա: Շեշտադրությունը սա է: Ոչ թե գովազդվում է, այլ՝ ընդհակառակը»,- ասաց Խոդիկյանը:

Ըստ Կ. Խոդիկյանի՝ այս ֆիլմի գլխավոր մեսիջն այն է, որ այն մարդը, որը նման չէ բոլորին, դժբախտ է:

«Մենք գնահատականներ ենք տալիս: Եթե գնահատականները միջինից բարձր են, ավտոմատ նրանք ընդունվում են: Հետո որոշում են նրանց ֆինանսական չափը: Կա պետության կողմից որոշակի գումար: 10-14 տոկոս պետությունը կարող էր աջակցել: Ֆինանսական մասով ոչ մի չարաշահում չկա: Հիմնականը 10 տոկոսն է»,- ֆիլմի ընտրության մասին ասաց Կ. Խոդիկյանը:

Ստացվում է, որ պետությունն աջակցել է ֆիլմի նկարահանմանը՝ աջակցության ամենամեծ չափով:

168.am-ը փորձեց խոսել նաև ֆիլմի ռեժիսորի հետ: Իննա Սահակյանը նշեց, որ հիմա չի ցանկանում ֆիլմի մասին խոսել: Առաջարկեց ֆիլմի մասին խոսել, երբ որոշակի ժամանակ կանցնի: Մեր հարցին, թե ի՞նչն է խնդիրը, ռեժիսորը բարկացած պատասխանեց, որ չի ուզում խոսել, և դա իր իրավունքն է:

Չնայած այս ամենին՝ ֆիլմի մասին հակասական կարծիքներ են հնչում սոցիալական ցանցերում: «Հաղթանակած» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանը, օրինակ, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ԿԳ նախարարը 20 միլիոն դրամ է հատկացրել Հայաստանում պղծության քարոզին:

«Արդեն մի քանի օր է, ինչ մամուլում շրջանառվում է այն լուրը, որ պետբյուջեից 20.000.000 դրամ է հատկացվել սեռափոխության մասին ֆիլմ նկարահանելու համար, մասնավորապես՝ Մելինե Դալուզյանի մասին, ով հիմա իրեն կոչել է «Մել» և սեռափոխվել է: Ինչ է սա, եթե ոչ՝ պղծության քարոզ… Նոր կարդում էի ֆիլմի ռեժիսորի՝ «Հայկական ժամանակին» տված հարցազրույցը և ուղղակի ապշում, թե ինչ հպարտությամբ էր այդ ռեժիսոր աղջիկը պատմում, թե ինչ ֆիլմ են նկարելու այդ պղծության մասին… չասեմ, թե ինչ կասեի էդ ռեժիսորին, երբ հանդիպեի նրան…ինչևէ…

Բայց այս ամենի մեջ շատ հատկանշական է այն փաստը, որ այդ ֆինանսավորման ակունքներում կանգնած է մեր երկրի ԿԳ նախարարը, քանի որ Հայաստանի ազգային կինոկենտրոնն այժմ գործում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության ներքո…այն նախարարը, որ ասում է, թե դպրոցներում չպետք է լինեն հոգևորականներ, քանի որ դա կրոնական քարոզ է, դպրոցներում չպետք է ուսուցանվի Եկեղեցու պատմություն առարկան, որովհետև դա կրոնական քարոզ է, այն նախարարը, որ բուհերին մեսիջ է տալիս, որ հայոց լեզու և հայոց պատմություն առարկաները կարող եք հանել կրթական ծրագրից, այն նախարարը, որ իր մոտ ընդունում է տրանս. Կարաբինային և լուրջ դեմքով քննարկում անցկացնում հետը (երևի այդ ժամանակ էլ Կարաբինան պահանջել է, որ նման ֆիլմի ֆինանսավորում լինի, նա էլ համաձայնել է)…
Հասկանում եք, չէ. Ազգային և հոգևոր արժեքներ չի կարելի քարոզել, բայց փոխարենը կարելի է 20.000.000 մեր հաշվին տրամադրել լկտիության և պղծության քարոզին… Եզրակացությունները թողնում եմ ձեզ…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննես Հարությունյանը:

168.am