Նա Կարապետ անունը փոխարինեց Լյութեր Ջորջով. ինչպես հայը ստեղծեց առաջին բանկոմատը

Ինչ կլիներ աշխարհի վիճակը, եթե չլինեին գյուտարար հայերը, որոնց հայտնագործություններից շատերը հեշտացրել են մարդկանց կյանքը։ Օրինակ` այսօր անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց բանկոմատի։ Իսկ գիտե՞ք, որ այստեղ էլ հայերի «մատը խառն է եղել»։

Ի՞նչ եք կարծում՝ երբ է ստեղծվել առաջին բանկոմատը․ 90-ականների սկզբների՞ն։ Ոչ, դեռևս հեռավոր 1930-ական հայազգի գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյանն աշխատում էր մարդկության կյանքը հեշտացրած այս սարքը ստեղծելու ուղղությամբ։ Առաջին բանկոմատը նրան հաջողվում է ստեղծել 1939թ․-ին։ Բայց մինչ իր՝ աշխարհը փոխած գյուտին հասնելը Սիմջյանը դժվար ճանապարհ է անցել։

Հայտնի է, որ նա ծնվել է 1905 թվականին Արևմտյան Հայաստանում՝ Այնթապում։ Այն ժամանակ նա դեռ Կարապետ էր, միայն հետո ստիպված եղավ արևմուտքի համար ավելի հասկանալի ու հեշտ արտաբերելի անուն գտնել՝ Լյութեր Ջորջ։ Հայոց ցեղասպանությունը Կարապետին բաժանեց ընտանիքից. դեռ պատանի տարիքում նա ստիպված եղավ փախչել Բեյրութ, այնուհետև՝ Մարսել։ 1920 թ․-ին Ֆրանսիայից տեղափոխվեց ԱՄՆ, ապաստան գտավ Կոնեկտիկուտում բնակվող հարազատների մոտ։ Սիմջյանը սիրում էր լուսանկարել ու 15 տարեկանից ուսմանը զուգահեռ աշխատում էր որպես լուսանկարիչ։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի անցավ Յեյլի համալսարանի բժշկական համալիրի ֆոտոսարքավորումների բաժնում որպես կառավարիչ։ Հենց այստեղ էլ աշխատանքի ընթացքում ի հայտ եկան նրա նորարարական մտածողությունը։

Լյութեր Ջորջ ՍիմջյանՆա մի շարք հայտնագործությունների հեղինակ դարձավ, այդ թվում ստեղծեց նկարների մանրադիտակի լուսարձակը, դա մոտավորապես պրոյեկտոր էր, որի միջոցով էկրանին հնարավոր էր տեսնել միկրոսկոպով ստացված պատկերներ։ 1934 թվականին տեղափոխվեց Նյու Յորք ու սկսեց աշխատել ֆոտոսարքավորումների ոլորտում։ Ըստ էության, երիտասարդ Սիմջյանն արդեն գյուտարար էր։ 1939-ին նա անգամ հիմնեց սեփական ընկերությունը՝ «Reflector Co.»–ն՝ նոր սարքավորումների սերիական արտադրության համար։ Ի դեպ, այս ձեռնարկությունը գոյատևեց 65 տարի, մինչև որ 90 միլիոն դոլարով այն գնեց «British Aerospace» ընկերությունը։ Ընկերությունը հիմնելու նույն տարեթվին Սիմջյանը որոշեց ստեղծել այնպիսի սարքավորում, որը կանխիկ գումար կտրամադրեր։

Իր ստեղծած առաջին սարքավորումը նա անվանեց Բանկոմատիկ՝ Բանկ և ավտոմատ բառերի համադրումից։ Բանկոմատիկը նա առաջարկեց ամերիկյան տարբեր բանկերին, որոնք, սակայն, թերահավատորեն վերաբերվեցին Սիմջյանի ստեղծածին, չհասկացան դրա իմաստն ու հրաժարվեցին Բանկոմատիկի կիրառումից։ Չնայած դրան, Սիմջյանը չհիասթափվեց ու թևաթափ չեղավ։ Գրեթե 20 տարի նա աշխատեց, կատարելագործեց իր սարքը։ Վերջապես 1960 թվականին նրան հաջողվեց 6 ամիս ժամկետով պայմանագիր կնքել Նյու Յորքի City Bank-ի հետ՝ իր սարքը փորձնական շահագործելու համար, սակայն կես տարի անց պայմանագիրը չերկարացվեց. սարքավորումը վերադարձվեց պահանջարկի բացակայության պատճառով։ Անգամ այս անհաջողությունից հետո նա չհանձնվեց՝ շարունակելով ստեղծել նոր սարքավորումներ։ Արդյունքում նա հորինեց ոչ միայն թղթադրամի ստացման բանկոմատ, այլև 1965 թվականին արտոնագրեց մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտը։

«Թվում է՝ բանկոմատներից օգտվում են միայն խաղամոլներն ու մարմնավաճառները, որոնք չեն ցանկանում անձամբ տեսնել գանձապահին»,- իր գյուտերի մասին խոսելիս մի առիթով ասել է Սիմջյանը:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am