Աճուրդի են հանվել Մերիլին Մոնրոյի բացառիկ լուսանկարներն ու այն տեսախցիկը, որով արվել են լուսանկարները

Christie’s աճուրդի տունն աճուրդի է հանել լուսանկարիչ Դուգլաս Քերկլենդի` 20-րդ դարի ամենահայտնի դերասանուհիներից մեկի՝ Մերիլին Մոնրոյի երկու հայտնի լուսանկարները, որոնք, ի սկզբանե, արվել էին Look  ամսագրի համար՝ 1961 թվականին, գրում է Hollywood Reporter-ը:

Աղբյուրը հաղորդում է, որ լուսանկարների հետ աճուրդի է հանվել նաև այն տեսախցիկը, որով արվել են այդ լուսանկարները: Աճուրդի համար նախնական գին է սահմանվել 200 000- 300 000 դոլարը: 

Աղբյուրը գրում է, որ 85-ամյա Քերկլենդը, թեև պատկառելի տարիքին, շարունակում է զբաղվել լուսանկարչությամբ:  

Քերկլենդի խոսքով, որը Մոնրոյին լուսանկարելու ժամանակ ընդամենը 27 տարեկան է եղել, այդ օրը չափազանց լարված է եղել, ինչը չի վրիպել դերասանուհու աչքից:

«Նա սենյակում հայտարարեց. «Ես գիտեմ, թե մեզ ինչ է պետք… ինձ պետք է այս տղայի հետ միայնակ մնալ»»,- հիշել է լուսանկարիչը և հավելել, որ դերասանուհու խոսքերից հետո ներկաներն իրենց միայնակ են թողել:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Քերկլենդի մասնագիտական և անձնական կյանքի մասին պատմող That Click վավերագրական ֆիլմը կցուցադրվի այս շաբաթ՝ Հռոմի կինոփառատոնի շրջանակում: Ֆիլմում լուսանկարչի հետ համագործակցության մասին խոսել են նաև դերասանուհիներ Միշել Ուիլյամսն ու Նիկոլ Քիդմանը:

 Լուսանկարներն աճուրդի կհանվեն հոկտեմբերի 29-ին Նյու Յորքում:


Tert.am