Այսօր լրանում է Պուտինի ծննդյան 67-ամյակը. ՌԴ նախագահն իր տարեդարձը կնշի ընտանիքի և հարազատների շրջապատում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր տարեդարձը կնշի ընտանիքի և հարազատների շրջապատում, իսկ մինչ այդ նա այցելել է սիբիրյան տայգա, որտեղ վայելել է աշնանային բնությունը, գրում է ria.ru-ն՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությանը հղումով:

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրանում է ՌԴ նախագահի 67-ամյակը: Ծննդյան նախօրեին Պուտինն այցելել է սիբիրյան տայգա:

Պեսկովի հաղորդմամբ՝ «Պուտինը Սիբիրում վայելել է աշնանային տայգայի բնությունը»:

Աղբյուրը հաղորդում է, որ պետության ղեկավարը տարիներ շարունակ իր տարեդարձը նշել է աշխատավայրում՝ հանդիպումներ, խորհրդակցություններ, միջազգային գագաթնաժողովներ և արտերկիր պաշտոնական այցեր կատարելով: Աշխատանքային թոհուբոհի մեջ երբեմն Պուտինը հանգստյան օր է վերցնում՝ իր ժամանակը հարազատների և ընկերների հետ անցկացնելու համար:

Աղբյուրը հաղորդում է, որ նախորդ տարիներին ՌԴ նախագահն իր տարեդարձն անցկացրել է արտասահմանյան գործընկերների ընկերակցությամբ: Մասնավորապես՝ Պուտինի տարեդարձի կապակցությամբ 2017 թվականին Ռուսաստան էր ժամանել Իտալիայի նախկին առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին։ Որպես նվեր Բեռլուսկոնին Պուտինին նվիրել էր ասեղնագործ ծածկոց, որի վրա պատկերված է եղել նրանց ձեռքսեղմումը Ռուսաստանի և Իտալիայի հայտնի տեսարժան վայրերի՝ Վասիլի Երանելու տաճարի և Կոլիզեումի ֆոնին:

Պուտինը նաև իր ծննդյան օրերից մեկը դիմավորել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի ընկերակցությամբ:
«Չեմ թաքցնի, օղի խմեցինք, երշիկ կերանք»,- պատմել էր Պուտինը:

Պետության ղեկավարը ծննդյան ևս մեկ օր անցկացրել է Բալի կղզում՝ ԱԽՏՀ-ի գագաթնաժողովին: Ինդոնեզիայի արդեն նախկին նախագահ Սուսիլո Բամբանգը ռուս առաջնորդի համար կիթառի նվագակցությամբ նույնիսկ Happy Birthday To You երգն է կատարել, իսկ աշխատանքային նիստի մյուս մասնակիցները ձայնակցել են նրան:

Tert.am