«Դեմք շոու»-ից Անտիկի սթենդափը Երևանում և հայտնի հյուրերը

«Դեմք շոու»-ի տղաներին հայ հանդիսատեսն ավելի շատ գիտի հումորային տեսանյութերի միջոցով: ԱՄՆ-ում ապրող ու ստեղծագործող հումորային խումբն այս օրերին Երևանում է. սեպտեմբերի 19-ին նրանք հայաստանաբնակ լսարանին են ներկայացնելու Գոռ Կիրակոսյանի նոր՝ «Ազնիվ գողեր» կատակերգությունը: Պրեմիերային ընդառաջ «Դեմք շոու»-ի անդամներից Անտիկը հասցրել է հայ լսարանին ներկայանալ նաև սթենդափ շոու ծրագրով:

Tert.am Life-ը ներկա է եղել ներկայացմանն ու ֆիքսել հետաքրքիր պահերը:

Հայաստանաբնակ հանդիսատեսին ներկայանալու հնարավորությունն Անտիկն առաջին անգամ օգտագործել է նախորդ տարվա ամռանը, երբ Հայաստանում էր նույն «Ազնիվ գողեր» կատակերգության նկարահանման առիթով: Ժպիտով է հիշում, թե որքան լարված էր Երևանում առաջին ելույթից առաջ:

«Դա կյանքիս ամենահուզված ելույթն էր: Երբեք շոուից առաջ այդքան վախեցած չէի եղել: Հետնաբեմում դողում էի, որովհետև չգիտեի՝ ինչ սպասել հանդիսատեսից: Ես հայերեն կարողանում եմ խոսել, բայց շատ լավ չեմ խոսում, դա էլ էր վախեցնում, սակայն ամեն ինչ շատ լավ անցավ,- ասաց հումորիստը, որն այս ներկայացումից առաջ էլ հուզված էր, բայց ոչ նախկինի պես: -Այստեղի հանդիսատեսի արձագանքն ինձ միշտ զարմացրել է։ Շատ տարբեր են: Այն, ինչ այստեղ կարող է ծիծաղեցնել, այնտեղ չի ծիծաղեցնում և հակառակը»:

Դերասանը հայտնեց, որ այս անգամ ամբողջությամբ նոր ներկայացում է պատրաստել լսարանի համար: «Երբ ես գնում եմ իմ սիրելի հումորիստի շոուին, ակնկալում եմ, որ այն ամբողջությամբ նոր է լինելու, դրա համար ինքս էլ փորձում եմ միշտ նոր ծրագիր ներկայացնել իմ լսարանին: Այստեղի հանդիսատեսին շատ հետաքրքիր է, թե մարդիկ ինչպես են ապրում ԱՄՆ-ում: Փորձեցի դա ներառեմ ներկայացան մեջ և հասկացա, որ իսկապես հետաքրքրեց մարդկանց»,- ասաց Անտիկն, ով շոուի մեկնարկից առաջ սովորության համաձայն ներկա-բացակա արեց ու պարզեց, որ Երևանում էլ հանդիսատեսի շարքերում նստած են ինչպես հայաստանցիներ, այնպես էլ լիբանանահայեր, սիրիահայեր, պարսկահայեր:

«ԱՄՆ-ում շոուի մեծ մասն անգլերեն եմ անում: 75 տոկոսն անգլերեն է, իսկ ֆինալը՝ միշտ հայերեն: Դա օգնում է, քանի որ հանդիսատեսի շարքերում կարող են լինել պարսկահայեր, սիրիահայեր, լիբանանահայեր: Յուրաքանչյուրն իր բարբառն ունի, իսկ անգլերենն ընդհանուր լեզու է բոլորի համար»,- ասաց նա ու հավելեց, որ ամբողջությամբ հայերեն ներկայացում առաջին անգամ արել է նախորդ տարի, երբ Երևանում էր:

Անտիկն իր սթենդափում ներկայացնում է ամերիկաբնակ հայի հավաքական կերպարը, որին մատուցում է իր ընտանիքի անդամների անունից: Դերասանից հետաքրքրվեցինք, թե ինչպես են ծնողներն արձագանքում, որ մի ամբողջ ներկայացում կառուցվում է իրենց անունից:

«Կարծում եմ՝ ավելի հետաքրքիր է, երբ այդ ամենը ներկայանում եմ իմ ընտանիքի միջոցով: Մեր ընտանիքում բոլորը շատ ուժեղ հումորի զգացում ունեն, բայց հիմա արդեն մաման ու պապան զգույշ են, թե ինչ են խոսում ինձ մոտ, որովհետև գիտեն՝ մի քանի ամսից բեմից տեսնելու են դա»,- ծիծաղելով նկատեց նա:

Թե հաջորդ անգամ երբ կլինի Երևանի բեմում, Անտիկը դեռ չգիտի, սակայն ցանկությունը մեծ է հաճախ ներկայանալ հայրենիքում, այդ թվում՝ «Դեմք շոու»-ի ամբողջական կազմով։

«Կոնկրետ ծրագրեր հիմա չկան, սակայն շատ կուզեմ այստեղ էլ ներկայացումներ ունենանք: Անհամբերությամբ սպասում եմ, թե դա երբ կլինի, որովհետև այստեղի ելույթի հաճույքն այլ է: Ես այստեղ եմ ծնվել, 3 տարեկանից ինձ տարել են Լոս Անջելես, բայց հայրենիքում ելույթն այլ զգացողություններ է բերում»,- ասաց նա՝ շեշտելով, որ իրեն տարել են, ոչ թե գնացել է ԱՄՆ:

tert.am