Պուտինի որոշմամբ՝ Սիմֆերոպոլի օդանավակայանն անվանափոխվել է ի պատիվ Այվազովսկու

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի տարածքում գործող 44 օդանավակայաններն ի պատիվ մեծանուն ռուսների անվանափոխելու հրամանագիր է ստորագրել, գրում է ria.ru-ն:

Որոշման համաձայն՝ մոսկովյան «Շերեմետևո», «Դոմոդեդովո», «Վնուկովո» օդանավակայանները ստացել են համապատասխանաբար Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լոմոնոսովի և Անդրեյ Տուպոլևի անունները:

ria.ru-ն հավելում է, որ Սիմֆերոպոլի օդանավակայանն անվանափոխվել է հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու պատվին: Օդանավակայանից հայտնել են, որ անվանափոխման հանդիսավոր արարողությունը կկայանա մոտ ապագայում, և որ ուղևորներին անակնկալներ են սպասվում:

Հայտնի է նաև, որ Վորոնեժի օդանավակայանն անվանափոխվել է ի պատիվ Պետրոս Առաջինի, Մագադանինը՝ Վլադիմիր Վիսոցկու, իսկ Տյումենինը՝ Դմիտրի Մենդելեևի պատվին:

Minval.az-ի փոխանցմամբ՝ Սուրգուտի օդանավակայանն անվանափոխվել է ադրբեջանցի երկրաբան Ֆարման Սալմանովի պատվին:

Անցած տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՌԴ բնակիչները կարող էին մասնակցել օդանավակայանների նոր անվանումների ընտրությանը: Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 5,5 մլն մարդ:

tert.am