Ճապոնիայում մարդիկ «հակագայթակղիչ» տարա են օգտագործում՝ որպես սմարթֆոններից, հեռուստացույցից, ծխախոտից և այլ բաներից կախվածությանը դեմ պայքարելու միջոց (տեսանյութ)

Վերջերս Ճապոնիայում տարածում է գտել մի իր, որը ստեղծված է մարդկանց իրենց գայթակղություններից հեռու պահելու համար: Ինչպես նշում է Oddity Central հարթակը, իրը բաղկացած է տարայից և դրա կափարիչի վրա ամրացված հատուկ մեխանիզմից, որը թույլ է տալիս այս կամ այն առարկան որոշակի ժամանակով «արգելափակել» տարայի մեջ, ընդ որում՝ օգտագործողն ինքն է որոշում՝ որքան ժամանակով հեռու պահել գայթակղության աղբյուրը:

Հայտնի է, որ Amazon առցանց առևտրի հարթակում վաճառվող տարան ստեղծվել է Ճապոնիայում գործող ամերիկյան ընկերության կողմից, իսկ դրա նպատակն ի սկզբանե եղել է օգնել նիհարելու ցանկություն ունեցող մարդկանց հրաժարվել քաղցրավենիքից և այլ ուտելիքներից:

Այժմ, սակայն, ճապոնացիները տարան օգրագործելու նոր, արդյունավետ մեթոդներ են գտել: Գնորդներից շատերը դրանք օգտագործում են սմարթֆոնից կախվածությունը հաղթահարելու և կարևոր գործերի վրա կենտրոնանալու համար:

Կան նաև մարդիկ, որոնք խոստովանել են, որ կախվածությունից ազատվելու համար տարայի մեջ «արգելափակում» են հեռակառավարման վահանակը, ծխախոտը կամ ալկոհոլային խմիչքը: