Թատերական ինստիտուտի ուսանողները քննարկում են նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկը

Թատերական ինստիտուտի ռեկտորի ընտրությունն ավարտվեց, և 15 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց Լիլիթ Արզումանյանը։ Ուսանողներին չի գոհացրել որոշումը. նրանք փակել են ինստիտուտի մուտքի ու հետնամուտքի դռները և չեն թողնում հանձնաժողովի անդամներին դուրս գալ։ Նրանք պահանջում են հենց այսօր ընտրված ռեկտորի հրաժարականը։

Ինստիտուտից չհաջողվեց դուրս գալ նաև նիստին մասնակցած ԱԺ պատգամավորներ Լուսինե Բադալյանին ու Նարինե Թուխիկյանին։

Ուսանողները նաև պահանջում են ԿԳՆ Արայիկ Հարությունյանին, որպեսզի բացատրություն տա։ Ոստիկանները փորձում են միջամտել։

Հիշեցնենք, որ  հայտարարված մրցույթի արդյունքում ռեկտորի պաշտոնի թափուր տեղի պահանջներին համապատասխանել է երեք հավակնորդներից միայն բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը, մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել բուհի ռեկտորի՝ ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով տեղակալ Արմեն Հարությունյանը և թատերագետ Վասիլի Գևորգյանը, սակայն  նրանք չունեն ռեկտոր ընտրվելու համար պահանջվող կոչումը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ:

Ընտրությունն օրինական էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լուսինե Բադալյանը, ով այս պահին գտնվում է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ փակ դռների հետևում։

«Քանի որ ուսանողներն ասում են՝ մեր ուսանողների մեծամասնությունն է պահանջում, ես ունեմ մտավախություն, որ ուսանողների այն հատվածը, որն այստեղ չի, վաղը մյուս ուսանողն ինձ չմեղադրի նրա մեջ, որ՝ մի կողմի պահանջն ես կատարել և իրեն ես լսել»,- ասաց Բադալյանը՝ մեկնաբանելով իր կոչը ուսանողներին, թե մեկ ժամվա մեջ կարո՞ղ են ինստիտուտում սովորող 590 ուսանողներից գոնե 300-ը ներկա լինել բողոքի ակցիային։

Ըստ նրա՝ ուսանողների բերած փաստարկները նույնիսկ ընտրվելու դեպքում կարող են լուծել. «Ես ասում եմ, ես երաշխավորում եմ, որ իմ հսկողության ներքո… եթե ռեկտորը չի կատարելու, ես ինքս եմ պահանջելու, որ ինքը դուրս գա։

Մենք մնացել ենք էստեղ՝ հասկանալու՝ ինչ է կատարվում»։

Նարինե Թուխիկյանը փոխանցեց նախարար Հարությունյանի առաջարկը, որպեսզի ընդվզող ուսանողները մի թիմ կազմեն և գործուղվեն նախարարություն՝ բանակցությունների համար. «Ամենակարևոր պայմանը, որ բացվեն ինստիտուտի դռները»։

Ուսանողները խնդրեցին կես ժամ ժամանակ՝ քննարկելու որոշումը։

Զարուհի Դիլանյան

168.am