ԱՄՆ-ում սատկել է 100 մլն դոլար կարողություն հավաքած հանրահայտ «դժգոհ» կատուն (լուսանկարներ)

ԱՄՆ Արիզոնա նահանգում սատկել է մռթի դժգոհ արտահայտության շնորհիվ սոցկայքերում Grumpy Cat մականվամբ հայտնի դարձած կատուն, որի վերաբերյալ բազմաթիվ «մեմեր» են ստեղծվել: Այս մասին թվիթերյան էջում հայտնել է կենդանու տիրուհին:

Հաղորդվում է, որ 7-ամյա կատուն սատկել է մայիսի 14-ին՝ միզուղիների բորբոքման հետ կապված բարդությունների հետևանքով:

«Դժգոհ» կատվի պատմությունը սկսվել է 2012թ.-ի սեպտեմբերին, երբ կենդանու տիրուհին Reddit հարթակում տեղադրել է արտասովոր արտաքինով չորեքթաթի լուսանկարը:

Կատվի մռթի արտահայտությունն այնպիսին է, որ թվում է՝ նա ինչ-որ բանից դժգոհ է: Սկզբում համացանցի օգտատերերը ենթադրել են, որ լուսանկարը խմբագրված է, սակայն բոլոր կասկածները վերացել են այն ժամանակ, երբ տիրուհին Youtube-ում կենդանու մասնակցությամբ տեսանյութ է տեղադրել: Այդ ժամանակվանից ի վեր կատուն հայտնի է դարձել համացանցի օգտատերերի շրջանակներում՝ արագորեն վերածվելով «մեմերի» հերոսի:

Կատվի մասին գրքաշար է գրվել, բազմաթիվ տեսանյութեր ու ֆիլմեր են նկարահանվել, իսկ նրա կուտակած կարողությունը 100 մլն դոլար է գնահատվում:

tert.am