«Գահերի խաղ»-ի ավելի քան 760 000 երկրպագու պահանջում է վերանկարահանել եզրափակիչ եթերաշրջանը

Ամերիկյան հանրահայտ «Գահերի խաղ» հեռուստասերիալի երկրպագուների մի մասը դժգոհ է 8-րդ՝ եզրափակիչ եթերաշրջանից և պահանջում է վերանկարահանել այն, գրում է The Guardian-ը:

«Դևիդ Բենիոֆը և Դենիել Բրեթը Ուայսն ապացուցեցին, որ չափազանց ապիկար սցենարիստներ են, երբ նրանց ձեռքի տակ չկա այնպիսի նյութ (այսինքն՝ գրքեր), որի օգնությանը կարելի է դիմել: Այս հեռուստասերիալն արժանի է այնպիսի եզրափակիչ եթերաշրջանի, որն իմաստ կունենա», – ասված է խնդրագրում, որի տակ ներկայում ստորագրել է արդեն ավելի քան 760 000 հեռուստադիտող:

Խնդրագրի տակ իրենց ստորագրությունը դրած մարդկանցից շատերը դժգոհում են՝ ասելով, որ եթերաշրջանը նկարահանվել է հապշտապ, իրադարձությունների զարգացումները ճիշտ չեն ներկայացված, իսկ կերպարների գործողությունները չեն համապատասխանում գրքի սյուժեին:

The Guardian-ը նշում է, որ խնդրագիրն իր նպատակին հասնելու շանսեր գրեթե չունի՝ հաշվի առնելով, որ եթերաշրջանի նախավերջին սերիան դիտել է 18 մլն հեռուստադիտող, որի համեմատ մի քանի հարյուր հազարը վճռական ձայն չունեն:

Հիշեցնենք, որ «Գահերի խաղ» հեռուստասերիալը նկարահանվում է Ջորջ Մարտինի «Սառույցի ու Հրո Երգ» գրքի հիման վրա: Հեռուստասերիալի 8-րդ՝ եզրափակիչ եթերաշրջանի պրեմիերան կայացել էր ապրիլի 14-ին:

tert.am