Starbucks-ը մեկնաբանել է «Գահերի խաղը» սերիալում ընկերության սուրճի բաժակի հայտնվելը

Ամերիկյան Starbucks ընկերությունը մեկնաբանել է ամերիկյան հայտնի «Գահերի խաղը» հեռուստասերիալի այն դրվագը, որում հայտնվել է ընկերության սուրճի բաժակը:

«Մենք զարմացած ենք, որ Դեյեներիսը «վիշապային խմիչք» չի պատվիրել»,- գրել են ընկերության ներկայացուցիչները թվիթերյան էջում՝ ակնարկելով հերոսուհու «Վիշապների մայր» մականունը:

Հիշեցնենք, որ Starbucks-ի սուրճի բաժակը հայտնվել էր հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանի 4-րդ մասում՝ Դեյեներիս Թարգարիենի դիմաց, որին մարմնավորում է Էմիլիա Քլարքը:

Ավելի վաղ սխալը մեկնաբանել էր հեռուստասերիալի պրոդյուսեր Բեռնի Քոլֆիլդը: Նա կատակել էր՝ ասելով, որ Վեստերոսն առաջին վայրն է, որտեղ Starbucks է եղել:

Պրոդյուսերը միաժամանակ ընդգծել էր, որ հեռուստասերիալը ստեղծողները խիստ հազվադեպ են այսպիսի սխալներ թույլ տալիս, քանի որ իսկական պրոֆեսիոնալներ են: