Էմիլիա Քլարկը նոր մանրամասներ է ներկայացրել «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի վերաբերյալ (տեսանյութ)

Բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարկը, որը հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում Դեյեներիս Թարգարիենին մարմնավորած կերպարով, հեռուստասերիալի երկրպագուներին նոր մանրամասներ է ներկայացրել եզրափակիչ՝ 8-րդ եթերաշրջանի վերաբերյալ: «Օսկար-2019» կինոմրցանակաբաշխության ժամանակ արված հարցազրույցի տեսանյութը հրապարակվել է «E! Red Carpet & Award Shows» Youtube-յան ալիքում:

Դերասանուհու խոսքով՝ «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանը լինելու է ամենահետաքրքիրն ու «ցնցողը» հանդիսատեսի համար:

«Այն մասշտաբային է լինելու: Սա այն ամենն է, ինչ յուրաքանչյուրը պետք է իմանա: Մեզնից շատ ժամանակ է պահանջվել այս ֆիլմը նկարահանելու համար: Որոշ բաներ «ցնցելու» են մարդկանց», – հայտարարել է Քլարկը:

Հիշեցնենք, որ «Գահերի խաղը» հեռուստասերիալը, որը նկարահանվում է 2011 թվականից, 38 «Էմմի» մրցանակի է արժանացել: Հանրահայտ հեռուստասերիալի եզրափակիչ եթերաշրջանը եթեր դուրս կգա 2019 թվականի ապրիլի 14-ին:

Աղբյուրը՝ tert.am