Հուշեր Շարլ Ազնավուրից ու տպավորություններ Երևանից․ Սամի և Բիբի Նասերիները հասցրել են սիրել Հայաստանը

Նա կրկին չմոռացավ հայերոն ողջույնի մասին ու շեշտեց՝ երևանյան առավոտը շատ գեղեցիկ է։ Մինչ քաղաքով զբոսանքն ու MIX FIGHT40 մրցաշարին մասնակցելը «Տաքսի» ֆիլմաշարի աստղ Սամի Նասերին և նրա եղբայրը՝ ոչ պակաս հայտնի սցենարիստ-դերասան Բիբի Նասերին հանդիպում ունեցան լրագրողների հետ։

Tert.am Life հյուրերից հետաքրքրվեց՝ ի՞նչ են պատմելու ու ի՞նչ են ասելու իրենց ընկերներին Հայաստանի մասին։ Սամին նշում է՝ շատ բան տեսնել դեռ չեն հասցրել, բայց ամեն ինչ առջևում է։ «Երեկ երեկոյան ենք եկել, չենք հասցրել շատ բան անել՝ գնացել ենք ընթրելու ու մի քիչ զբոսնել, չնայած արդեն մութ էր։ Որպես այդպիսին՝ չենք հասցրել քաղաքը և Հայաստանը ճանաչել, բայց երկու օր ունենք, որի ընթացքում հուսով ենք, բացահայտել Հայաստանը»,- ասաց նա, Բիբի Նասերին էլ շտապեց ավելացնել․ «Ֆրանսիայում ունենք ծագումով հայ ընկերներ, որոնց կարող ենք ասել՝ մենք եղել ենք Հայաստանում, դուք՝ ոչ»։

Դերասանը նկարահանվել է հայկական «Անատոլիական պատմություն» ֆիլմում, որի ռեժիսորն Արտակ Իգիթյանն է։ «Ֆիլմում մարմնավորում եմ գլխավոր հերոսներից մեկին։ Իրապես շատ հուզիչ պատմություն է։ Անչափ տպավորված եմ եղել այդ պատմությամբ ու համաձայնել եմ նկարահանվել։ Մանրամասնել չէի ցանկանա, կան թիզերներ, որոնք կարող եք դիտել»,- ասաց ֆրանսիացի դերասանն ու պատմեց ևս մի նորության՝ «Փոքր Հայաստան» անվանմամբ ֆիլմ նկարահանելու մասին։ Սցենարի հեղինակը եղբայրն է՝ Բիբի Նասերին, նկարահանումներն էլ կայանում են Լոս Անջելեսում։ Ծրագրում են ֆիլմի ցուցադրությունը կազմակերպել միջազգային մակարդակով։

Ստեղծագործական կյանքը հետաքրքիր է, նորությունները՝ շատ, բայց դերասանի նախասիրություններն ու մանկությունը նույնպես անտեսել չի կարելի։ Հետաքրքրականն այն է, որ Սամի Նասերին, խոսելով մանկության տարիների մասին, պատմությունը սկսում է «Շարլ Ազնավուր»-ով։ Լեգենդար շանսոնյեին իր և եղբոր համար բացահայտել է հայրը․ «Շարլ Ազնավուրի հետ կապված շատ-շատ հիշողություններ ունեմ։ Դեռ փոքր տարիքից հայրս առաջարկում էր լսել նրա երգերը։ Ամեն անգամ, երբ հանգստի էինք գնում, ավտոմեքենայի մեջ անպայման Շարլ Ազնավուրի երգերն էին հնչում։ Երբ սկսեցի կինոյում նկարահանվել, առաջին անգամ նրան հանդիպեցի, պետք է միասին ֆիլմ նկարահանեինք։ Նա ինձ համար կուռք էր, ինչպես Ռոբերտ դե Նիրոն կամ Ալ Պաչինոն։ Ֆիլմը չնկարահանվեց, սակայն հետագայում իմ ընկերը՝ երաժշտական և ֆիլմերի պրոդյուսեր Ժան Ռաշիդը, ամուսնացավ Ազնավուրի դստեր՝ Կատյայի հետ։ Դրանից հետո մեր մտերմությունը Շարլ Ազնավուրի հետ ամրապնդվեց,- հիշում է ֆրանսիացի դերասանն ու հուզված մտաբերում լեգենդար շանսոնյեյի իրենց վերջին հանդիպումը,- Վերջին անգամ նրան տեսա Վերսալում՝ իր վերջին համերգն էր։ Ավելի ուշ, Փարիզում ընթրելիս երեկոյան գնացինք ռեստորան, առավոտյան, երևի , երեքի կողմերն ենք այնտեղից դուրս եկել՝ շատ տպավորիչ էր։ Նա մեզ անընդհատ պատմում էր տարբեր պատմություններ Էդիթ Պիաֆի մասին և ոչ միայն»։

Անդրադառնալով Հայաստամ այցի հիմնական նպատակին՝ MIX FIGHT40 մրցաշարին մասնակցությանը՝ դերասանը նախ կատակեց, որ բարձրանալու է ռինգ և ինքը կռվի, ապա հստակեցրեց, որ ուղղակի դիտելու է։
Չնայած ֆրանսիացի դերասանին շատերս ասոցացնում ենք արագության հետ, նրա հիմնական տուգանքները ոչ թե արագությունը գերազանցելու, այլ տարատեսակ կռիվների մասնակցելու հետևանք են։ Պարզվում է՝ Սամին և Բիբին ժամանակին զբաղվել են առանց կանոնների մարտերով, անգամ մարզվել պրոֆեսիոնալ մարզչի մոտ։ «Փոքր տարիքում ես ու եղբայրս այս մարզաձևով զբաղվել ենք և մարզվել ոլորտի առաջատար մարզչի մոտ։ Ավելի ուշ դադարեցրինք, չնայած շատ ընկերներ ունեինք, որոնք շարունակեցին։ Կռիվների փոխարեն որոշեցինք ընտրել կինոն՝ կարծելով, որ այն ավելի զիլ է»։
Այսօր կայանալիք մարտում օր ֆավորիտի մասին խոսելիս դերասանը նախ տվեց հայ մարզիկի՝ Դավիթ Խաչատրյանի անունը, ապա հիշեց, որ Մարոկկոյից էլ մազիկ կա և կատակելով ինքն իրեն ուղղեց մարոկացի մարզիկին կերկրպագի։

Tert.am