«Իմ քայլի» պատգամավորները «կրակն են ընկել» և հիմա ստիպված են ամեն կիրակի ֆուտբոլ խաղալ. վարչապետն է ասել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, կառավարության անդամներն ու Ազգային ժողովի պատգամավորները որոշ ժամանակ առաջ սկիզբ են դրել առողջ ապրելակերպին՝ ուժերը չափելով ֆուտբոլի դաշտում։

Նախորդ կիրակի ֆուտբոլային խաղին մասնակցել են, օրինակ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գեւորգ Լորեցյանը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, դարպասապահ է եղել վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Հանդիպումը ավարտվել է 2-8 հաշվով՝ կառավարության թիմի հաղթանակով։

Թերթի տեղեկություններով՝ առաջին ֆուտբոլային խաղից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, որ միջոցառման կազմակերպիչն է, դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, թե կարելի է նման հանդիպումներ պարբերաբար կազմակերպել:

Վարչապետն էլ հակադարձել է. «Ուրեմն ոչ թե պարբերաբար, այլ ամեն կիրակի»։

Փաստորեն «Իմ քայլ»-ի պատգամավորները Մխիթար Հայրապետյանի համառ բնավորության պատճառով «կրակն են ընկել» եւ հիմա ստիպված են ամեն կիրակի ֆուտբոլ խաղալ։ Նշենք, որ վարչապետ Փաշինյանը եւս լավ ֆուտբոլ է խաղում, նա ակտիվ էր հատկապես խմբագիր աշխատած տարիներին:

Մինչ այդ թերթը մեկնաբանությունների համար դիմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրելյանին: Վերջինս ասաց, որ պայմանավորվածության մասին հստակ տեղեկություն չունի, բայց լսել է նման բան։ Մխիթար Հայրապետյանի հետ կապ հաստատել չհաջողվեց»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: