«Ֆիլմը հասարակության, հայրենասիրության և բանակի մասին է». Ալեքսնադր Խաչատրյանը խոսում է «Գարուն ա» ֆիլմի մասին

ArenaNews.am կայքը զրուցել է դերասան Ալեքսանդր Խաչատրյանի հետ, ով հանրությանը հայտնի է մի շարք ներկայացումներից, գեղարվեստական ֆիլմերից և սերիալներից: Մեզ հետ զրույցում նա պատմել է իր գործունեության, նոր գաղափարների և «Գարուն ա»  գեղարվեստական ֆիլմի մասին:

-Այժմ գտնվում եք ԱՄՆ-ում՝ ի՞նչ գործունեություն եք ծավալում այս պահին։

-Այժմ գտնվում եմ ԱՄՆ-ում և զբաղվում եմ իմ նոր նախագծով, որը գտնվում է նախապատրաստական փուլում։ Մի խումբ համախոհներով որոնք անտարբեր չեն

մեր երկրի առկա խնդիրներին և ապագա ճակատագրին՝ աշխատում ենք իրականացնել այս նախագիծը։

Ի՞նչ սպասի հանդիսատեսը Ձեզանից։

-Ջերմ, հուզիչ, և հատկապես այսօրվա հետհեղափոխական շրջանի համար կարևոր գաղափարախոսական ֆիլմ։

-Կպատմեք ֆիլմի մասին և ինչպե՞ս առաջացավ գաղափարը։

-Արցախյան պատերազմի մասին ֆիլմ նկարելու գաղափարը վաղուց կար, քանի որ կար և կա պահանջը այն ինչ-որ ձևով լուսաբանելու և ներկայացնելու հասարակությանը։ Մեր զրույցներն ու մտորումները սցենարիստ Հարություն Ղուկասյանի հետ արդեն էսքիզների տեսքով դրվում էին թխտի վրա, բայց ինչպես ասում են շաբաթը ուրբաթից շուտ եկավ։ Եղավ քառորյա պատերազմը, որը միավորեց և ոտքի հանեց ամբողջ ազգը աշխարհի բոլոր ծայրերում՝ մեծից փոքր։ Այն ինչ կատարվեց փոխեց մեզ ու մեր ֆիլմի ուղղությունը և  գաղափարախոսությունը։ Եվ գրվեց նոր սցենար։ Ֆիլմը մեր և մեր հայրենասիրության տարբեր դրսևորումների մասին է, պետություն և պետականություն կառուցելու մասին է։

Ֆիլմը մի ընտանիքի պատմություն է՝ երեք սերունդ – պապ, որդի և թոռ՝ իրենց յուրովի մտածելակերպով, փիլիսոփայությամբ, և վերաբերմունքով մեր իրականությանը։ Ֆիլմը մեր բանակի, սպայության, ազգային առժանապատվության, մոռացված հոգևոր արժեքների մասին է և վերջապես մեր երեխաների՝ զինվորների մասին է, ովքեր իրենց մարմնով և անկոտրուն ոգով հերոսաբար պաշտպանեցին մեր հայրենիքը։

-Վերջին քաղաքական զարգացումները որևէ կապ ունե՞ն հենց հիմա Ձեր հայրենասիրական ֆիլմ նկարելու գաղափարի հետ։

-Մեր սցենարը գրվել էր հեղափոխությունից շատ առաջ և եթե այն հրապարկված լիներ ես կմտածեի, որ այն ազդեցություն է ունեցել այդ իրադարձությունների վրա։

-Ի՞նչ ֆինասավորմամբ եք նկարելու ֆիլմը։

-Շատ կարևոր հարց։ Այն նկարվելու է հովանավորների և գործընկերների, ինչպես նաև համախոհների ներդրումով, որոնց համար կարևոր է պահպանել և փոխանցել մեր ապագա սերնդին մեր ազգային և հոգևոր արժեքները։

ՀԳ. «Գարուն ա» Ֆիլմն այս պահին նախապատրաստական փուլում է: 

Աղբյուրը՝ arenanews.am