Ես սիրով եմ աշխատում ֆիլմաշարերում. Լուիզա Ղամբարյան

Շուտով Հանրային հեռուստաընկերության եթերում կմեկնարկի 32 մասից բաղկացած «Ծղրիդի երգը» հեռուստանովելը, որտեղ նկարահանվում է դերասանուհի Լուիզա Ղամբարյանը: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է նոր ֆիլմաշարի ու իր հերոսուհու մասին:

«Հանրային հեռուստաընկերությունն ինձ համար հարթակ է, որտեղ առիթ եմ ունեցել ու այսօր էլ ունեմ ինձ դրսևորել որպես դերասանուհի, ինչպես նաև նախկինում վարել եմ հեռուստահաղորդում: Ես ուրախ եմ մեր հերթական հետաքրքիր համագործակցության համար: «Ծղրիդի երգը» հեռուստանովելում  ինձ առաջին հերթին սցենարը գրավեց, քանի որ այն գեղարվեստական գործի հիման վրա է նկարահանվում: Այս թիմի հետ աշխատանքային փորձ ունեմ, այստեղ աշխատանքից հաճույք եմ ստանում»,- նշեց Լուիզան՝ հավելելով, որ «Ծղրիդի երգը» հեռուստանովելի ռեժիսորն է Գրիգ Վահրամյանը, իսկ պրոդյուսերը Սերգեյ Նալբանդյանը:

«Ծղրիդի երգը» ֆիլմաշարում ներկայացվելու է երկու ժամանակշրջան՝ 2016-ի ապրիլը՝ քառօրյա պատերազմը, և մեր օրերը:

Խոսելով իր կերպարի մասին՝ Լուիզան պատմեց.

«Ըստ սյուժեի՝ հերոսուհուս ամուսինը զոհվում է ապրիլյան պատերազմի ժամանակ: Հերոսուհիս գյուղացի կին է, երեք երախների մայր, իսկ մանագիտությամբ՝ մանկավարժ: Կերպարս ունի իր ասելիքն ու աշխատելու շատ բան կա: Ֆիլմում հիմնական գործողությունները զարգանում են հերոսուհուս ավագ տղայի՝ Արամի անձնական կյանքի շուրջ: Պատիվ ունեմ աշխատելու բոլորիս կողմից շատ սիրելի արտիստ Գուժ Մանուկյանի հետ»,- նշեց դերասանուհին:

Լուիզա Ղամբարյանի խոսքով՝ «Ծղրիդի երգը»  կհիշեցնի ապրիլայն պատերազմի օրերը, բայց նրա խոսքով՝ ֆիլմաշարի կարճ լինելու պատճառով՝ գործողությունները խտացված կլինեն: Ֆիլմում փորձելու են միայն չկենտրոնանալ պատերազմի վրա, այլև ցույց տալ պատերազմը վերապրած մարդկանց կյանքը:

Անդրադառնալով այս ֆիլմաշարից զատ Լուիզա Ղամբարյանի այլ գործունեությանը և հարցին, թե «Կյանքը ափի մեջ» հաղորդումից հետո նա ցանկություն չունի՞ դարձյալ որպես հաղորդավարուհի ներկայանալ, պատասխանեց.

««Կյանքը ափի մեջ» հաղորդումը փակվեց 1,5 տարի առաջ, և դրանից հետո որպես հաղորդավարուհի ներկայանալու առաջարկ չի եղել: Բայց ես հակված էլ չեմ հաղորդավարուհու կարգավիճակով հանդես գալու, քանի որ իմ հիմնական ցանկությունը դերասանի մասնագիտությանը ծառայելն է: Ես սիրով եմ աշխատում ֆիլմաշարերում՝ ամեն անգամ այն ակնկալիքով, որ դրանք թեկուզ կես քայլ առաջընթաց են ապրում»:

Լուիզա Ղամբարյանը ճիշտ է համարում ժամանակ առ ժամանակ դադար վերցնել և հանդես գալ ամփոփ ֆիլմաշարերում, որոնք մինչև 40 սերիաից բաղկացած կլինեն:

life.panorama.am