Ռոբերտ Քոչարյանի հարսը` Dolce & Gabbana-ի «գովազդային շապիկին»

Մոտ մեկուկես տարի առաջ իտալական աշխարհահռչակ նորաձևության տներից մեկը՝ Dolce&Gabbana-ն, մեկնարկեց համաշխարհային մեդիանախագիծ` «Ընտանիքը մեր հենարանն է» վերտառությամբ: Նախագծի շրջանակներում քարոզվեց ընտանիքի դերն ու կարևորությունը, և իրական արժեքները գնահատողները կարող էին ցանկություն հայտնել և «dgfamily» ակտիվ հղմամբ ընտանեկան իրենց լուսանկարը տեղադրել համացանցում: Եթե իտալացի ոճաբաններին այն դուր գար, լուսանկարը` բրենդի տարբերանշանով, հայտնվում էր պաշտոնական կայքէջի համանուն ալբոմում: Dolce&Gabbana-ի հայ երկրպագուները ևս անմասն չեն մնացել նախագծի մասնակցությունից` այդպիսով արժանանալով ոճաբանների հավանությանը:

Եվ ահա, ձեր դատին ենք ներկայացնում հետևյալ լուսանկարը`

Dolce&Gabbana-ի` Instagram-ի պաշտոնական էջում հրապարակվել է Վասպուրականի, Էրզրումի, Արցախի, Զանգեզուրի, Լոռու և Սասնա ավանդական տարազներով մեր հայրենակիցների ընտանեկան նկարը, որն արդեն արժանացել է ավելի քան 41 հազար հետևորդի հավանության: Լուսանկարում, ինչպես երևում է, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու` Սեդրակ Քոչարյանի կինն է` Զարուհի Բադալյանը: Վերջինս ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանի դուստրն է:

Dolce&Gabbana-ի ոճաբանների ուշադրությանն արժանացած լուսանկարում Բադալյանների գերդաստանի կրտսեր ներկայացուցիչներն են` ի դեմս Վոլոդյա և Վալերի Բադալյանների զավակների:

Տեղեկացնենք, որ Զարուհի Բադալյանը ստացել է կառավարչի մասնագիտացում: 2002-2008թթ. նա աշխատել է ՀՀ ԿԲ-ի բանկային վերահսկողության, բանկային մեթոդաբանության և վերլուծությունների վարչություններում որպես բանկային վերլուծաբան, բանկային մեթոդաբան: 2008 թվականից ի վեր հանդիսանում է աշխարհահռչակ հագուստի բրենդեր ներկայացնող «ԳՐԻՏՏԻ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: Այս ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը, ի դեպ, Զարուհի Բադալյանի ամուսինն է` Սեդրակ Քոչարյանը: Վերջինս հանդիսանում է նաև հիմնադիր, համահիմնադիր, տնօրենների խորհրդի անդամ և նախագահ մի շարք ընկերություններում, ինչպիսիք են «Փլեյ Սիթի» սպորտի և ժամանցի կենտրոնը ներկայացնող «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊԸ-ն, Հայաստանում «Տոյոտա» ընկերության պաշտոնական դիլլեր «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ն:

Սեդրակ Քոչարյանը հանդիսանում է հագուստային բրենդների հայաստանյան տերերից մեկը (այս իմաստով Հայաստանը բավականին հետաքրքիր երկիր է` այն շատ փոքր է, չունի շատ զարգացած տնտեսություն, բայց աշխարհահռչակ գրեթե բոլոր բրենդները ներկայացված են Երևանում): Սեդրակ Քոչարյանին են պատկանում Stefano Ricci-ն և մի շարք այլ հանրահայտ բրենդներ: Նա Հայաստանում բացել է նաև «La Galleria» խանութ սրահը, որտեղ ներկայացված են ոչ միայն Stefano Ricci, այլև՝ աշխարhահռչակ շատ բրենդներ՝ Corneliani, Alexander Mcqueen, Dolce&Gabbana և այլն: Պետք է նշել, որ Stefano Ricci-ն աշխարհի ամենաթանկ բրենդներից մեկն է, և այդ բրենդի ամենամեծ խանութ-սրահը մինչև վերջերս Երևանինն էր:

Աղբյուրը՝ armlur.am