Վարչապետի անվամբ ըմպելիք՝ հայկական շուկայում

Մայիս ամսվա վերջից՝ հեղափոխության ալիքի քիչ թե շատ հանդարտվելուց հետո, հայկական շուկա մտավ վարչապետ Փաշինյանին մոտ անվանակից ապրանքանիշ. կվաս՝ ոչ ավել, ոչ պակաս «Նիկոլա» անվամբ:

Ռուստաստանյան արտադրության ըմպելիք, որն արդեն տևական ժամանակ է ինչ հայտնի է կվասի սիրահարների շրջանակում, այսուհետ հասանելի է նաև հայ սպառողների համար: Ապրանքանիշի ներկրողներն են՝ Ստեփան Ավագյանը, Դավիթ Խաչատրյանը և Դավիթ Գրիգորյանը: «Նիկոլա» ապրանքնիշի ներկրման պատմության, Հայաստանում ընդունելության և մարքեթինքային հետաքրքիր քայլի մասին ArenaNews.am կայքը պատմում է իր ընթերցողին:

-Այս անվամբ կվասի ներկրումը «երջանիկ պատահականություն» է, թե՞ նախապես ծանր ու թեթև արված քայլ ու ինչպե՞ս առաջացավ միտքը այս ապրանքանիշի կվասներ ներկրելու:

-Կասեինք երկուսը միասին. պատահականություն այն իմաստով, որ, ինչպես հիմա ընդունված է ասել, «երկրում իրողություններ փոխվեցին»))):

Եվ, քանի դեռ Հայաստանում ներքաղաքական կյանքը համեմատաբար հանդարտ էր, նման ծրագրեր չունեինք, չնայած որ ապրանքանիշին քաջ ծանոթ էինք՝ որպես կվաս ըմպելիքների շրջանում ռուսաստանյան շուկայի առաջատարներից մեկը: Հեղափոխության ամենաթեժ օրերին «Նիկոլային» Հայաստան բերելու միտքը օր-օրի ակտուալ էր դառնում և արագ ծանր ու թեթև անելուց հետո որոշեցինք ներկրել:

Որքա՞ն ժամանակ է, որ «Նիկոլան» հայկական շուկայում է:

Ապրանքանիշը Հայաստան հասավ մայիսի վերջին, իսկ վաճառակետերի մատակարարումն սկսել ենք հունիսից: «Նիկոլան» արդեն վաճառվում է Երևանի մի շարք սուպերմարկետներում, մայրաքաղաքի և մարզային սննդամթերքի մեծ ու փոքր խանութներում, ինչպես նաև տեղ է գտել երևանյան մի քանի փաբերի, և այլ հանրային սննդի կետերի մենյուներում:

Վաճառակետերի ծածկույթն օր-օրի մեծացնում ենք և այդ ուղղությամբ դեռ շատ աշխատանք ունենք անելու:

Ձեր ֆեյսբուքյան էջում «հեղափոխություն» եզրը բավական շատ է հոլովվում, համարե՞նք, որ այս ապրանքանիշի մուտքը Հայաստան իր մեջ նաև Ձեր քաղաքական հայացքներն է ամփոփում:

Եթե անկեղծ՝ քաղաքական հայացքները չեն, որ մեզ ստիպեցին Նիկոլային բերել Հայաստան, իսկ «հեղափոխություն» եզրույթն օգտագործում ենք զուտ որպես զովացուցիչ ըմպելիքների մշակույթում փոփոխություններ մտցնելու տեսանկյունից՝ ընդգծելով կվասի բաղադրության բնական և բուսական ծագումը, պատրաստման ավանդական բաղադրատոմսի կիրառումը և կվասի օգտակար ու առողջարար հատկությունները, իսկ դրանք բազմաթիվ են՝ ի տարբերություն քիմիական ծագումով մյուս զովացուցիչների: Հեղափոխությունները հեշտ չեն տրվում, պահանջում են մեծ աշխատանք, կամք և հավատ դրանք իրականացնելու համար, և մենք էլ այդ ճանապարհով ենք գնում:

-Գնորդների կողմից հետաքրքրությունն ինչպիսի՞ն է. իրենց ավելի շատ գրավում է կվասը՞, թե՞ անունը:

Կվասի սիրահարների թիվը Հայաստանում տարեցտարի շատանում է, և դա լավ է, քանի որ բնականն ու առողջարարը գնահատողներն են իրենք, մենք էլ իրենց թվում, վերջին 2-3 տարում մեր սառնարաններից գրեթե անպակաս է եղել կվասը: Կվասն ունի իր գնորդը, իսկ «Նիկոլա» անունը շատերի մոտ հետաքրքրություն և նույնիսկ ժպիտ է առաջացնում և դրանից դրդված փորձում են, և գրեթե միշտ շատ են հավանում:

«Նիկոլան» արտադրվում է 2008 թվականից և արդեն հասցրել է 5 անգամ ճանաչվել տարվա բրենդ ՌԴ-ում, ինչպես նաև 2016 թվականին տեղ է գտել հեղինակավոր Forbes ամսագրում՝ հայտնվելով ռուսական հայրենական արտադրության վերջին տասնամյակի լավագույն բրենդերի ցանկում:

Բացի Ռուսաստանից, «Նիկոլան» արտահանվում է նաև ԱՄՆ, Կանադա, Իսրայել, եվրոպական և ԱՊՀ մի շարք երկրներ և, քանի որ մենք ունենք մեծ համայնքներ այդ երկրներում, ինչպես նաև արտագնա աշխատողներ, ապրանքանիշի ճանաչելիության որոշակի մակարդակ արդեն ունենք մեր հայրենակիցների շրջանում:

-Այ իսկ ի՞նչ կասեք կվասը գարեջրի հետ շփոթողներին:

Իրականում շփոթմունքը առաջացնում է ըմպելիքի գույնը և պատրաստման բաղադրատոմսի որոշ նմանությունները, քանի որ երկուսի պատրաստման հիմքում բնական հումքն է, մասնավորապես՝ հացահատիկային կուլտուրաները: Չնայած այդքան նմանությանը՝ դրանք բավականին տարբեր են և պետք չէ շփոթել. մի դեպքում ունենք ալկոհոլային խմիչք, մյուսում՝ զովացուցիչ ըմպելիք: Ամենակարևոր տարբերությունը, եթե չխորանանք պատրաստման տեխնոլոգիաների նրբությունների մեջ, ալկոհոլն է և շաքարի բաղադրությունը. Գարեջուրը ալկոհոլային խմիչք է, և, որպես կանոն, պարունակում է ալկոհոլ՝ սկսած 3,5-4%-ից, և քաղցր չէ, և ճիշտ հակառակը՝ կվասի դեպքում: Չնայած նշեմ նաև, որ կվասում առկա է չնչին քանակի ալկոհոլ, ինչպես օրինակ կեֆիրում, և կարող է հասնել մինչև 1,2%-ի, ինչը ընդունելի է՝ ըստ ավանդական բաղադրատոմսի:

Մտածե՞լ եք արդյոք վարչապետին իրեն գրեթե անվանակից կվաս հյուրասիրելու մասին))

Իհարկե մտածել ենք, նույնիսկ պատկերացրել ենք ինչպես կստացվեր, բայց, եթե անկեղծ, այդ ուղղությամբ քայլեր չենք ձեռնարկել, չենք ցանկացել շեղել պաշտոնյաներին առօրեական ծանրաբեռնված աշխատանքից, միգուցե հետագայում փորձենք, տեսնենք: Համենայն դեպս ուրախ կլինեինք, եթե փորձեր և հավաներ :

ArenaNews.am