«Հիստերիայի մեջ էի». Գոռի անակնկալը Մարիամի 21-ամյակին

Մարիամ Ալեքսանյանը դարձել է 21 տարեկան: Երիտասարդ դերասանուհուն անակնկալներով հուզել է ոչ միայն սիրելին՝ դերասան Գոռ Համբարձումյանը, այլեւ մտերիմներն ու ընկերները: Ինչպես հոբելյարն է պատմել BRAVO.am-ին, թեեւ խնջույք չէր նախաձեռնել, օրն իսկական տոնի է վերածվել:

«Կեսգիշերին իմ արկածներով եւ փորձություններով օրը սկսվեց: Չէի հասկանում՝ ինչ է ինձ սպասվում: Անակնկալներ են մատուցել իմ սիրելի կուրսեցիները, այնուհետեւ՝ ծնողներս, տատիկս, հարազատներս եւ մտերիմներս»,-ասել է նա:


Մարիամին սկզբում շփոթության մեջ է գցել սիրելիի պահվածքը, հետո միայն հասկացել է՝ ինչու էր այդ ամենն արվում.«Մեկ օր առաջ ասաց՝ պետք է քաղաքից դուրս գնա շատ կարեւոր գործով: Ես, իհարկե, հիստերիայի մեջ էի, բայց ցույց չէի տալիս: Գնացի ինստիտուտ. քննության էի եւ ամբողջ ընթացքում ընկերուհուս ասում էի` «Բա էլ ի՞նչ սեր, թողնում գնում է, իմ օրն էր, ինչքան էլ կարեւոր գործեր լինեին, պետք է մնար»: Իսկ ընկերուհիս, ամեն ինչին տեղյակ լինելով, շատ լավ իր դերն էր խաղում, սփոփում էր, ասում՝ պետք է հասկանամ: Այդտեղ իմ հիստերիան հասավ գագաթնակետին. ուղղակի իրերս վերցրի եւ տուն գնացի, ուզում էի քնել, մոռանալ ամեն բան»,-պատմել է նա եւ հավելել.«Գոռին, իհարկե, ցույց չէի տալիս, որ նյարդերս խախտված են, բայց շատ լուրջ էի խոսում, հակիրճ պատասխանում, իսկ նա՝ թե արդեն հասել է, եւ այլն: Հետո իմանում եմ, որ այդ ընթացքում նա ընկերուհուս հետ ինձ համար նվերներ է գնում, ռոմանտիկ ընթրիք կազմակերպում: Եվ այժմ, ես շատ խաբված եմ զգում ընկերուհուս կողմից:)»:

Գոռին հաջողվել է հուզել ընկերուհուն.«Դեռ կեսգիշերը չկար, զանգ ստացա, որ գալիս է: Այդ ժամանակ ուրախությանս չափ ու սահման չկար, երջանկությունից լացում էի: Եկավ, ու սկսվեցին արկածները: Չգիտեի` ուր է ինձ տանում… Նախ՝ ծաղիկներ, նվերներ, այնուհետեւ ռոմանտիկ ընթրիք ռեստորաններից մեկի տանիքում. մոմեր, գինի ու լիքը-լիքը սեր, անգամ օդը սիրով էր լցված: Հետաքրքիրն այն էր, որ ոչ մի զանգ չստացա անգամ մտերիմ ընկերուհուցս, մտածում էի` հավանաբար, մեր տանն են: Երբ տուն եկա, ծնողներս, քույրս, եղբայրս ինձ ուրախացրին, բայց չկային նրանք, ում սպասում էի: Իրոք, շատ էի տխրել, եւ այդ պահին լսվեցին շատ բարձր ձայներ, եւ երկրորդ անգամ սկսեցի արտասվել` տեսնելով ընկերներիս»:

Մարիամը նշել է, որ հրաշալի օր է անցկացրել.«Անցած տարի` 20-ամյակիս, մեծ խնջույք էի կազմակերպել, շատ տպավորիչ եւ հիշարժան ծնունդ էր: Այս տարի մտածում էի` հանգիստ կարող եմ չնշել ու շոփինգի գնալ: Եվ վերջապես, ի՞նչ է կնոջը անհրաժեշտ երջանիկ լինելու համար` սիրող տղամարդ եւ լիքը հագուստ: Դե, մենք միշտ հագնելու բան չունենք:): Անկախ կատակից` ժամանակի ընթացքում հասկանում եմ, որ մարդուն շատ քիչ բան է պետք երջանիկ լինելու համար»:

Տորթի մոմերը փչելիս դերասանուհին երազանք չի մտապահել, բայց չի մոռացել շնորհակալություն հայտնել բոլորին.«Իմ հավատն այնքան մեծ է, ես պարզապես շնորհակալ եմ Աստծուն, որ հարազատներս կողքիս են, ուրիշ ոչինչ պետք չէ»:

Հոբելյարը չի մոռացել հատուկ շնորհակալություն հայտնել նաեւ սիրելիին.«Իմ սիրո օրն էր: Այս տարեդարձիս շատ բան հասկացա. կարծես ամեն ինչ իմաստավորվեց: Ինձ թվում է` մեկ վայրկյանում դարձա ավելի հասուն Մարիամ, այնքան հասուն, որ գիտակցեցի եւ գնահատեցի ամեն ինչ: Այդ ամենի գնահատականն էր, որ շատ հուզված էի եւ արտասվում էի: Ես սիրում եմ, սերը ամենաուժեղ զգացմունքն է: Իմ Գոռ, իմ սեր, շնորհակալ եմ քեզ իմ օրը յուրահատուկ դարձնելու համար: Ես իրոք երջանիկ եմ քո կողքին, երեկ ամենաերջանիկ աղջիկն էի աշխարհում, երջանիկ եւ սիրված: Քո սերն այնքան շատ է, որ ինձ թվում է` մի օր կխեղդվեմ»:

Աղբյուրը՝ bravo.am