Որքան գումար է ծախսվել պետբյուջեից՝ կառավարական դաչայում Վերջին զանգի փարթի անելու համար

Մայիսի 25-ին կառավարական առանձնատների տարածքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր խնջույք՝ սահմանամերձ բնակավայրերի շրջանավարտների համար: Այս միջոցառումը կազմակերպելու համար պետական բյուջեից ծախսվել է 1 մլն 700 հազար դրամ: Այս մասին ՀԺ-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ կառավարությունից:

Գերատեսչությունից ուղարկված գրավոր պատասխանի համաձայն՝ «մենյուին», որը իր մեջ ներառում է ուտեստները եւ խմիչքը, հատկացվել է 1 մլն 132 հազար դրամ, սպասքին՝ 182 հազար դրամ, սպասարկող անձնակազմին՝ 210 հազար դրամ:

Միջոցառման համար ձեռք է բերվել տարբեր չափերի 23 սեղան, որոնց համար վճարվել է 41 հազար 500 դրամ, 52 հազար դրամ արժեքով ձեռք է բերվել 130 աթոռ՝ յուրաքանչյուրը 400 դրամով, չորս վրան՝ 48 հազար դրամ ընդհանուր արժեքով եւ 45 հազար դրամ էլ վճարվել է տարբեր տեսակի առաքման ծառայությունների համար:

Ծառայությունները մատուցել է «Բաբկեն Ղազարյան Ասատուրի» Ա/Ձ-ն: Սակայն կառավարության տրամադրած գրավոր պատասխանում հստակեցված չէ, թե ծառայություններ մատուցող կազմակերպության ընտրությունը ինչպես է կայացել:

Աղբյուրը՝ armtimes.com