Բրիտանացի հայտնի դերասան Թոմ Հարդին նկարահանվում է 20-րդ դարի ամենահայտնի մաֆիայի պարագլուխներից մեկի՝ Ալ Կապոնեի դերում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 40-ամյա Հարդին մարմնավորած կերպարին արտաքնապես ավելի նման լինելու համար սափրել է գլուխը: Աստղին ճաղատ գլխով լուսանկարել են ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում ընթացող նկահարանումների տարածքում:
Ռեժիսոր Ջոշ Թրենքի «Հետապնդելով Ֆոնցոյին» (Chasing Fonzo) ֆիլմում ներկայացվելու է իր դաժանությամբ հայտնի Ալ Կապոնեի կյանքի պատմությունը, այն, թե ինչպես է ներգաղթյալների որդին մինչև 47 տարեկանը կառավարել Չիկագոյի հանցավոր աշխարհը:
«Քառասունյոթ տարեկանում՝ մոտ 10-ամյա ազատազրկումից հետո, Ալֆոնսոյի մոտ տկարամտություն է սկսվում, ինչի հետևանքով նրա անցյալը դառնում է ներկա, անցյալի դաժան հիշողությունները սկսում են թունավորել նրա կյանքը»,-նշվում է կինոպրոդյուսերների տարածած հաղորդագրությունում:
Աղբյուրը՝ tert.am