Այն մարդը, ով իր երջանկությունը կապում է փողի հետ, իրականում դժբախտ է. Լիլիթ Բաբասյան

Կանանց տոների շրջանակում Life.panorama.am-ի «Ե՞րբ է կինը երջանիկ» շարքի զրուցակիցն է դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը` դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը:
Մեզ հետ զրույցում Լիլիթը շեշտեց` իր երջանկությունն իր հարազատների ներկայությունն է:
«Ես երջանիկ եմ, որ իմ հարզատները` երեխաս, ամուսինս, ծնողներս ինձ հետ եմ: Գիտեք, ինձ համար երջանկությունը հենց մտերիմ մարդկանց ներկայությունն եւ նրանց առողջ լինելն է, բայց, իհարկե, բոլորիս կյանքում էլ լինում են պահեր, երբ մի փոքր անախորժությունից կամ միջադեպից ասում ենք` «Ինչ դժբախտ եմ ես»: Ինքս էլ շատ էմոցիոնալ եմ ու հաճախ կարող եմ այդ նախադասությունն ասել, բայց իրականում, գիտակցում եմ, որ դրա իրավունքը ես չունեմ: Դժբախտ են այն մարդիկ, ում ապրելու մնացել է հաշված օրեր, ով ունի հիվանդ հարազատներ, ով հաշմանդամ է կամ չափազանց լուրջ խնդիր ունի, իսկ նրանք, ովքեր փառք Աստծո հեռու են այդ ամենից, եւ ես այդ թվում, ուղղակի իրավունք չունենք մեզ դժբախտ համարել: Դրա համար ինքս ինձ հաճախ նախատում եմ` ասելով, որ այդ նախադասությունը ես երբեք չպետք է ասեմ: Պետք է սիրել կյանքը, վայելել ու հասկանալ, որ երջանիկ լինել նշանակում է կողքիդ ունենալ սիրելի եւ թանկ մարդկանց»,- նշեց Լիլիթը:
Մեր զրուցակիցը նկատեց, որ երբեք չի հասկացել այն մարդկանց, ովքեր փողի մեջ են երջանկությունը փնտրում:
«Գիտեք, փողն այսօր կա, իսկ վաղը` ոչ: Մեզնից ոչ մեկ չի կարող հաստատ ասել, որ մենք շատ հարուստ կդառնանք, կամ հակառակը: Այդ պատճառով թե ես, թե ամուսինս փողին վերաբերում ենք իմիջայլոց. Այսօր այն ունենք` ուրեմն շատ լավ է, մենք կարող ենք շատ հաճույքներ դրանով վայելել, շրջենք տաբեր երկրներով, բայց եթե վաղը չունենանք այդ գումարը, ապա մեզ դրանով դժբախտ հաստատ չենք համարի: Այն մարդը, ով իր երջանկությունը կապում է փողի հետ, ուրեմն նա իրականում դժբախտ է»:
Լիլիթը խոստովանեց, որ սերն իր կյանքում մեծ տեղ ունի, երբեք չի հասկացել նրանց, ովքեր առանց սիրո են ամուսնանում:
«Ինձ համար կարեւոր չէ, որ ինձ ամեն օր ամուսինս ասի, որ սիրում է, նա կարող է անգամ տարիներով այդ մասին ինձ չասել, բայց ցույց տա վերաբերմունք, որի շնորհիվ ես կհասկանամ, որ նա ինձ ընդունում է այնպիսին, ինչպիսին, որ ես կամ: Իհարկե, ես գիտեմ, որ շատ հարցերում իմ վերաբերմունքը կարող է չհամընկնել Հայաստանում ապրող մարդկանց կարծիքների հետ, բայց ես այսպիսինն եմ եւ ինձ համար կարեւոր է, որ ինձ ընդունեն հենց այսպիսին: Գիտեք, տարիներ առաջ ինձ փորձում էր փոխել մայրս, հետո հայրս, իսկ ամուսնությունից հետո նաեւ ամուսինս, բայց այդ ժամանակ ես փակվում եմ իմ մեջ եւ հեռվանում եմ տվյալ մարդուց: Դրա համար երեւի իրենք էլ հասկացան, որ ինձ պետք է հենց այսպիսին ընդունեն: Եվ առհասարակ, կարծում եմ, որ եթե մարդը սիրում է մեկին, ապա չպետք է ցանկանա նրան փոխել: Իհարկե, որոշ հարցերի շուրջ նկատողություններ ընդունում եմ եւ ինքս էլ ամուսնուս ասում եմ այն ամենի մասին, ինչ ինձ դուր չի գալիս, բայց փոխել մարդու ներքին աշխարհը` սխալ է,- նշեց նա:
Խոսելով իր ու Ալեքսանդր Բաբասյանի բնավորության լավ ու վատ կողմերի մասին` Լիլիթը անկեղծացավ.
«Իմ ամենավատ կողմն այն է, որ ես չափազանց նյարդային մարդ եմ: Իսկապես, անգամ չգիտեմ, թե ինչու, բայց ես անընդհատ կոնֆլիկտների մեջ եմ հայտնվում: Ինձ շատ է նյարդայնացնում, երբ մարդը անարդարություն է թույլ տալիս ինչ-որ մեկի հանդեպ, եւ կամ անցնում է սահմանները: Իսկ Ալեքսանդրի դեպքում կասեմ ինձ ամենաշատը նյարդայնացնող բնավորության գծի մասին` նա իրեն միշտ ճիշտ է համարում յուրաքանչյուր պարագայում: Այդ հարցում մենք ընդհանուր հայտարարի չենք գալիս, քանի որ նա հրաշալի բառապաշար ունի, իսկ ես հանձնվում եմ: Միաժամանակ, նա ունի շատ լավ գծեր, որոնցից մեկն էլ այնն է, որ ընտանիքի մարդ է, ազատ ժամանակ ունենալու դեպքում նա միշտ իմ ու երեխայի կողքին է: Իսկ իմ լավ կողմերի մասին, կարծում եմ, ես չէ, որ պետք է ասեմ»:
Անակնկալներ ինչպես ցանկացած կին, այնպես էլ Լիլիթ Բաբասյանը սիրում է, բայց նա խոստովանեց, որ Ալեքսանդրը տարվա ընթացքում շատ է նվերներ ու անակնկալներ մատուցում կնոջը, ուստի հատուկ տոների սպասել պետք չէ.
«Ես ինձ միշտ պետք է զգամ 7-րդ երկնքում, ես սիրում եմ աննորմալ քայլերը, անգամ աննորմալ վեճերը, քանի որ ինձ հաճելի է ամենաուժեղ վեճից հետո հաշտվելու պրոցեսը: Անկախ տարիքից` ես սիրում եմ միշտ զգալ երիտասարդական սերը, որից բխում են նաեւ կիրքն ու խելառ քայլերը: Ինչ վերաբերվում է նվերներին, Ալեքսանդրը երբեք չի սպասում հատուկ տոների, որ ինձ նվեր մատուցի: Երեւի այն կանայք են կարեւորում մարտի 8-ը, ովքեր գիտեն, որ իրենց ամուսինները սիրուհի ունեն, քանի որ հիմնականում այդ տղամարդիկ են սպասում մարտի 8-ին, որ նվեր անեն իրենց կանանց ու դրանով քավեն իրենց մեղքերը: Կարծում եմ, որ եթե զույգերի մեջ կա սեր, ապա տոնի սպասել պետք չէ: Ինձ համար մարտի 8-ը ավելի շատ տոն է, երբ ես եմ նվերներ անում իմ սիրելի ու հարազատ կանանց, դա իմ տոնը չեմ համարում»,- ավարտեց նա:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
Աղբյուրը՝ life.panorama.am