Հոլիվուդում հայտնվել է սեռական ոտնձգությունների վերաբերյալ սկանդալում ներքաշված ռեժիսոր, պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի «ոսկե» արձանը՝ «Օսկար» մրցանակաբաշխության 90-րդ արարողության նախաշեմին։
Սկանդալային դեմքը պատկերված է ոսկեգույն խալաթով՝ բազմոցին նստած։ Hollywood reporter-ի հաղորդմամբ՝ արձանը տեղադրվել է Լա Բրեա պողոտայում։
Քանդակի հեղինակներից մեկը՝ Ջոշուա Մոնրոն, հայտնի է 2016 թվականի օգոստոսին ԱՄՆ արևմտյան ափի մի շարք քաղաքներում մերկ Դոնալդ Թրամփի արձանների տեղադրմամբ։
«Նրանք ունեն գումար և իշխանություն՝ դերեր բաժանելու համար, և նրանք օգտագործում են դա՝ սեփական սեռական բավարարման համար»,-ասել է Մոնրոն։
Պրոդյուսերի հասցեին մեղադրանքներով հանդես են եկել ավելի քան 80 կանայք, այդ թվում դերասանուհիներ Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն և Սալմա Հայեկը։
Աղբյուրը՝ 1in.am