150 հազար զանգ. միայնակ ամերիկացին հայտարարություններ է փակցրել՝ խնդրելով զանգահարել իրեն

2011 թվականին չկայացած դերասան ու ստենդ-ափ կատակերգու Ջեֆ Ռեգսդեյլը մտածում էր ինքնասպանության մասին. նրան թողել էր իր հարսնացուն, և նա շատ միայնակ էր զգում իրեն հսկայական Նյու Յորքում: Մեկ տարի անց նա հայտնի դարձավ ամբողջ աշխարհում, իսկ նրա նոր գիրքը բեսթսելլեր դարձավ:

AdMe.ru-ն պատմել է՝ ինչն է օգնել տղամարդուն կյանքի վերադառնալ:

Նշվում է, որ տղամարդը 30 հայտարարություն է փակցրել քաղաքի փողոցներում՝ նշելով իր հեռախոսահամարը և շփվելու ցանկություն հայտնելով:

«Եթե ցանկանում եք խոսել որևէ բանի մասին, զանգահարեք ինձ: Ջեֆ, միայնակ երիտասարդ». գրել է նա հայտարարություններում՝ հույս ունենալով գոնե մի քանի զանգ ստանալ, սակայն հենց առաջին օրը նրան հարյուր մարդ է զանգահարել:

Ջեֆի խոսքով՝ իրեն զանգահարել են տարբեր տարիքի, սեռի ու մասնագիտությունների տեր մարդիկ: Շուտով նրա հայտարարությունը հրապարակվել է սոցցանցերում, և մի ամիս անց նա սկսել է օրական մոտ հազար հաղորդագրություն ու 7 հարյուր զանգ ստանալ՝ օրական մոտ 16 ժամ ծախսելով հեռախոսազանգերի վրա: Նրան զանգել ու գրել են Իսպանիայից, Իրաքից, Ճապոնիայից, Սաուդյան Արաբիայից, Ավստրալիայից, Կանադայից: Մարդիկ պատմել են իրենց անտեսանելի զրուցակցին կյանքի մասին, բողոքել կամ ուղղակի աջակցել նրան:

Երիտասարդը նշել է, որ այդ ընթացքում իրեն զանգահարել է 150 հազար մարդ, որոնցից մոտ հինգ հարյուրի հետ ինքը մինչ օրս կապ է պահպանում:

«Շատ ավելի ցինիկ էի, քան այժմ: Անշուշտ, այժմ ավելի շատ եմ հավատում մարդկությանն ու գիտեմ, որ նրանց մեկ չէ», – ասել է նա:

Հատկանշական է, որ Ջեֆը սկսել է գրանցել իր զրուցակիցների պատմությունները, և նրա մոտ ծագել է այդ պատմություններով գիրք գրելու գաղափարը: Գիրքը լույս է տեսել «Ջեֆ, միայնակ երիտասարդ» վերնագրով (Jeff, One Lonely Guy), և քննադատներն անվանել են այն «ժամանակակից սերնդի դիմանկար» և «միայնության խճանկար»:

«Երբեք չեմ դադարի խորը ներքին թախիծ զգալ, սակայն արդեն միանշանակ այնքան միայնակ չեմ, ինչպես եղել եմ», – խոստովանել է երիտասարդը:

Աղբյուրը՝ tert.am