Գլխավոր Հայաստան 107 տարի անց. Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ու պահանջատիրության օր (ուղիղ)

107 տարի անց. Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ու պահանջատիրության օր (ուղիղ)

Այսօր՝ ապրիլի 24–ին աշխարհասփյուռ հայերը ոգեկոչում են Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն սուրբ նահատակների հիշատակը։

107 տարի առաջ այս օրը՝ 1915թ․ ապրիլի 24-ին, Օսմանյան Թուրքիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսում սկսված հայ մտավորականների՝ գրողների ու բանաստեղծների, երաժիշտների ու բժիշկների, ճարտարապետների ու պատգամավորների ձերբակալություններով, հետագայում նաեւ սպանդով սկիզբ առավ կայսրության հայ հպատակների բնաջնջումը։ 1908թ․-ին սուլթան Աբդուլ Համիդին գահընկեց արած, բայց նրա արյունոտ ծրագիրը 1909-ին՝ Ադանայի 30 հազար հայերի կոտորածով շարունակած երիտուրքական կուսակցության պարագլուխները դեռես 1911 թվականին էին Սալոնիկի գաղտնի ժողովում ծրագրել կայսրության տարածքում հայկական տարրի վերացումը։ Ջարդերի նախօրեին հայերի տեղահանությանը «օրինական» տեսք տալու համար կառավարությունը խորհրդարանում անցկացրեց 1914-ին սկսված Առաջին համաշխարհային պատերազմի ռազմաճակատային գոտիներից հայերին իբր ավելի անվտանգ վայրեր տեղափոխելու օրինագիծը, բայց կառավարական մակարդակով հատուկ ավազակախմբերի («Թեքիլաթը մահսուսե») ձեւավորումը, որոնք պետք է հարձակվեին աքսորականների վրա, տեղական իշխանություններին՝ վերջիններին աջակցելու եւ չխանգարելու հրահանգները, ճանապարհին հայերի համար կացարանների բացակայությունը, նրանց ինչ-որ հանգրվանում տեղավորելու որեւէ քայլ չանելը վկայում են մի ամբողջ ազգի ոչնչացման ծրագրավորված բնույթի անհերքելիության մասին։

Ցեղասպանության սկզբից ուղիղ մեկ ամիս անց Օսմանյան կայսրության դեմ պատերազմող Դաշնակիցները (Ռուսաստան, Ֆրանսիա, Անգլիա) համատեղ հայտարարությամբ պահանջեցին դադարեցնել անմեղ հայ մարդկանց զանգվածային սպանությունները, առաջին անգամ միջազգային եզրութաբանության մեջ ներառելով «հանցագործություն մարդկության դեմ» ձեւակերպումը։ Դաշնակիցները զգուշացրին թուրքական կառավարությանը, որ պատերազմից հետո հետամուտ են լինելու հայերի կոտորածների բոլոր մեղավորներին դատարանի առաջ կանգնեցնելու եւ պատժելու իրենց հանձնառությանը։  Տասնամյակներ անց իրավագետ Ռաֆայել Լեմկինը հենց հայերի զանգվածային սպանդի առանձնահատկություններն ուսումնասիրելուց հետո է միջազգային շրջանառության մեջ մտցրել Ցեղասպանություն եզրույթը։

Տեղահանվեց, սովամահ եւ տանջամահ արվեց 1,5 մլն հայ։  Խույս տալով պատասխանատվությունից՝ երիտթուրք պարագլուխները 1918-ի աշնանը փախան Գերմանիա։ Հիմնական դերակատարներից ոչ մեկը չխուսափեց արդար դատաստանից։ Թուրքական պետության հակահայ քաղաքականության ժառանգականությունը հիմնավորող պատմաբանները մատնանշում են, որ երեք տարբեր եւ միմյանց թշնամի վարչակազմեր (սուլթան Աբդուլ Համիդ, երիտթուրքեր, Մուստաֆա Քեմալ) համերաշխ էին մեկ՝ հայերի համընդհանուր բնաջնջման, հարցում։ Նրանց հաջորդած կառավարություններն էլ հետեւողականորեն ժխտել եւ չեն ապաշխարել Հայերի ցեղասպանության համար։

1990թ․ օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ Անկախության հռչակագրի 11-րդ կետի համաձայն ՀՀ-ն սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման