ՀՀ իշխանությունները շարժվում են ոչ թե հայկական, այլ թուրքական օրակարգով ու նախապայմաններով, ինչը հղի է բազմաթիվ վտանգներով․ թուրքագետ

Մենք փաստացի ունենք մի իրադրություն, երբ Հայաստանի իշխանությունները շարժվում են ոչ թե հայկական, այլ թուրքական օրակարգով՝ դրանից բխող բոլոր սպառնալիքներով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու մոտեցմանը:

«Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունների կողմից նախաձեռնվել է և, ըստ էության, հետնաբեմում տարվում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման աշխատանք։ Բայց այդ կարգավորումը ոչ թե ընթանում է հայկական դիրքերից, այլ ընթանում է, ըստ էության, պրոթուրքական ծրագրով, որին մշտապես ձգտել է Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի անկախության առաջին օրվանից»,–ասաց նա։

Նա պարզաբանեց, որ այդ ծրագիրն է՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել թուրքական նախապայմաններով, մասնավորապես՝ Ցեղասպանության ճանաչումից փաստացի հրաժարում, Արցախից լիարժեք հրաժարում, որը տեսնում ենք ներկայիս իշխանության կողմից, և երրորդը՝ Սյունիքով միջանցքների բացում, որը դարձյալ շատ վաղեմի թուրքական ծրագիր է։

«Ըստ էության իշխանությունները տանում են այնպիսի քաղաքականություն, որը համապատասխանում է թուրքական նախապայմաններին, սա հղի է բազմաթիվ վտանգներով»,-ասաց նա և նշեց, որ դրանով ոչ միայն կասկածի տակ է դրվում հայկական պետականության գոյության իմաստը այս տարածքում, այլ նաև, եթե կասկածի տակ է դրվում վերջին հարյուր տարվա պայքարը, ապա զրկվում ենք ՀՀ–ի՝ Սփյուռքի հետ լիարժեք համագործակցության հնարավորությունից, քանի որ այսպիսի նախապայմաններով հարաբերությունների հաստատումը նշանակում է՝ սեպ է խրվում Հայաստանի և Սփյուռքի միջև, որը Հայաստանի գոյության կարևոր հենասյուներից մեկն է։

Վարուժան Գեղամյանը նկատեց նաև, որ տնտեսական անվտանգության հայեցակարգի լիարժեք բացակայություն կա։ «Մենք խնդիր ենք ունենալու ազգային տնտեսություն պահելու, տնտեսությունը ևս դրվում է մեծ հարվածի տակ և դժվար է պատկերացնել, որ թուրքական տնտեսական ագրեսիայի պարագայում ՀՀ-ի նկատմամբ լինելու են մեղմացուցիչ հանգամանքներ»,–ասաց նա։

Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետութան բոլոր իշխանությունները մշտապես խոսել են Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման մասին, որ պետք է լինի հաղորդակցություն, բայց երբեք չի եղել իրավիճակ, որ Հայաստանը շարժվի թուրքական նախապայմաններով:

Ըստ նրա՝ Սյունիքում կոմունիկացիաների բացումը կարող է կրկնել սիրիական կամ իրաքյան սցենարը, երբ Թուրքիան ստրատեգիական կոմունիկացիաների գործունեությունը և անվտանգությունը ապահովելու պատրվակով շուրջ տասը տարի առաջ ներխուժեց Սիրիայի հյուսիս և բռնազավթեց Սիրիայի միջազգային ճանաչված տարածքը։ «Վտանգները շատ-շատ են և ոչ հեռու ապագայի խնդիր են, բայց այսպիսի ընթացքի դեպքում դրանք մոտ ապագայում, ցավոք սրտի, կարող են իրականություն դառնալ։ Հայաստանում պետք է իշխանության լինեն ազգային ուժեր։ Տվյալ իշխանությունը, քաղաքական թիմը պետք է հեռանա, քանի որ այն ունակ չէ սպասարկել Հայաստանի և հայության շահերը, այսինքն միակ լուծումը հրաժարականն է և ազգային կառավարության ձևավորումը»,–ասաց նա և հավելեց, որ այս իշխանությունը պատրաստ է այս պահին իրականացնել ցանկացած քայլ, որը առաջադրված է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։