Ի՞նչ իրավունք ունի սեփականատերը՝ բազմաբնակարան շենքում անշարժ գույքի կամ դրա սահմանների փոփոխություններ կատարելու համար

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածով սահմանվում են բազմաբնակարան շենքում անշարժ գույքի կամ դրա սահմանների փոփոխությունները, որի համաձայն․

1. Շինության սեփականատերերը հարակից շինության կամ հարակից շինության մասի սեփականության իրավունքով ձեռքբերման ժամանակ կամ միայն հարակից շինության սեփականատիրոջ համաձայնությամբ կարող է վերացնել կամ տեղափոխել ցանկացած բաժանիչ միջնապատ կամ դրանց կամ պատերի մեջ բացվածքներ անել (ներառյալ այն դեպքերը, երբ այդ միջնապատերն ամբողջությամբ կամ մասնակիորեն հանդիսանում են ընդհանուր բաժնային սեփականություն):

2. Շինության սեփականատերն իրավունք ունի առանց մյուս սեփականատերերի համաձայնության, ոչ առևտրային նպատակներով, իր շինության պատերից բացել կամ փակել պատուհաններ, դռներ, մուտքեր, ծխնելույզներ, պատերի այլ բացվածքներ, աստիճանավանդակներ, աստիճաններ, իր շինության ներքին կամ արտաքին պատերի վրա կամ դրանց կից իրականացնել այլ քաղաքաշինական գործունեություն (ներառյալ այն դեպքերը, երբ այդ պատերն ամբողջությամբ կամ մասնակիորեն հանդիսանում են ընդհանուր բաժնային սեփականություն):

3. Շինության սեփականատերն իրավունք ունի առանց մյուս սեփականատերերի համաձայնության դեպի իր շինությունն անցկացնել մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ կոմունիկացիաներ (ներառյալ այն դեպքերը, երբ այն ամբողջությամբ կամ մասնակիորեն անցկացվելու է ընդհանուր բաժնային սեփականության միջով կամ վրայով, կամ դրա օգտագործմամբ), եթե նման գործողությունները չեն թուլացնում շենքի կրողունակությունը, չեն խոչընդոտում ինժեներային կոմունիկացիաների, շենքի մեխանիկական և այլ սարքավորումների բնականոն գործունեությանը և դրանց հետևանքով չեն խախտվում շինությունների սեփականատերերի` իրենց շինությունները տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, ինչպես նաև ընդհանուր բաժնային սեփականությունից օգտվելու իրավունքները:

4. Հարակից շինությունների միջև սահմանները կարող են տեղաշարժվել կամ գոյություն ունեցող շինությունները կարող են բաժանվել երկու և ավելի շինությունների` առանց մյուս շինությունների սեփականատերերի համաձայնության, եթե նման տեղաշարժերը կամ բաժանումը առաջ չեն բերում շինությունների սեփականատերերի բաժնի փոփոխություն:

5. Այս հոդվածի 1-4-րդ կետերում նշված գործողությունները շինության սեփականատերն իրավունք ունի իրականացնել միայն օրենսդրությամբ սահմանված նորմերի ու կանոնների պահպանմամբ` նախօրոք տեղեկացնելով շենքի կառավարման մարմնին:

6. Եթե այս հոդվածով նշված գործողություններն իրականացնելու հետևանքով խախտվելու են շինությունների սեփականատերերի` իրենց շինությունները տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, ինչպես նաև ընդհանուր բաժնային սեփականությունից օգտվելու իրավունքները, ապա համապատասխան գործողություններ իրականացնել ցանկացող շինության սեփականատերը կարող է այդ գործողություններն իրականացնել վերջիններիս համաձայնությամբ` հատուցելով շինությունների սեփականատերերին պատճառվող վնասները:

Սույն կետով նշված դեպքերում շինության սեփականատերերի կողմից համապատասխան գործունեության իրականացման կամ հատուցվող վնասների չափի հետ անհամաձայնություններ լինելու դեպքում վեճը լուծվում է դատական կարգով:

Իրավաբան.net