Մաքսանենգ եղանակո՞վ, թե՞ կոռուպցիոն սխեմաների գործարկումով. Ինչպես են թուրքական ապրանքները հայտնվում հայկական շուկայում

Պատերազմի ժամանակ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի որոշումից հետո, որը այս պահին էլ ուժի մեջ է, մամուլում պարբերաբար տեղեկություններ են  հայտնվում, որ թուրքական որոշ ապրանքների ներմուծում ամեն դեպքում իրականացվում է։ Ավելին, այն խանութները, ապրանքանիշները, որոնք Թուրքիայից ապրանք էին ներկրում և այդ որոշումից հետո աղաղակում էին, թե իրենք պարզապես կփակվեն, այս օրերին էլ շարունակում են ակտիվ գործունեություն ծավալել, ապրանք վաճառել։ Ընդ որում, շատ դժվար է հավատալ այն մտքին, թե այդ ընկերությունները հասցրել էին մինչ սահմանափակումը այդքան ներմուծում իրականացնել։

Ընդ որում, շրջանառվող լուրերի համաձայն՝ առ այսօր էլ Թուրքիայից լոլիկ ու այլ բանջարեղեն են ներկրվում, որը հաստատ հնարավոր չէր անել ավելի վաղ։

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է այս օրերին տարբեր տեսանյութերով, լուսանկարներով հաղորդագրություններ ստանում, որոնցում երևում է, թե ինչպես են թուրքական բեռնատարները հատում սահմանային անցակետը և արագ հեռանում այդտեղից, բայց չի կարող միանշանակ պնդել, որ այդպիսով թուրքական ապրանքների ներկրում է իրականացվում։ Սակայն եթե հայկական շուկայում նոր  թուրքական ապրանքներ են հայտնվում, ապա դա նշանակում է, որ ներմուծումը իրականացվել է բացառապես մաքսանենգ եղանակով կամ կոռուպցիոն սխեմաների գործարկումով:

«Ասում են՝ չի կարող առանց կրակ ծուխ լինել, բայց մյուս կողմից էլ՝ եթե նման պնդում ես անում, ապա պետք է կարողանաս հստակ  ապացուցել դա։ Թուրքիայից ներմուծում հնարավոր է բացառապես մաքսանենգ եղանակով։ Այսինքն՝ սահմանային հսկողությունից դուրս, գաղտագողի ճանապարհով է ներմուծումը իրականացվում, կամ էլ ներմուծումը իրականացվում է սահմանային հստակ պայմանավորվածությունների հիման վրա։ Հաշվի առնելով, որ պտուղ-բանջարեղենը հնարավոր չէր ներմուծել փոքր մեքենաներով, ապա դա չէր կարող առանց աչք զարնելու սահման հատել։ Բայց քանի որ մենք չունենք նաև երաշխիքներ, որ այդ ներմուծումը իրականացվել է, ապա չեմ կարող գնահատականներ տալ։ Այդ գնահատականները պետք է տա ՊԵԿ-ը, պարենի դեպքում՝ Սննդամթերքի անվտանգության տեսչությունը»,- ասաց Պիպոյանը՝ հավելելով, որ բիզնեսն էլ չի ասի, որ ինքը ներմուծում է իրականացրել, և նման հարցի դեպքում կասի, որ ավելի վաղ է ներմուծում իրականացրել և հիմա է վաճառում։

«Հետևաբար ես մոնիթորինգ անելը ևս համարում եմ ոչ տրամաբանական։ Միայն ուժային կառույցները կարող են ուսումնասիրություն կատարել և պարզել, թե այդ ապրանքը ինչպես է հայտնվել շուկայում։ Ամեն դեպքում իրավիճակին ոչ պատշաճ արձագանքը միայն բավարար է՝ հասկանալու համար, որ մենք ունենք խնդիր։ Ես ինքս իմ ֆեյսբուքյան էջին ստացել եմ նկարներ առ այն, որ փետրվարի վերջին կամ մարտի առաջին օրերին գիշերով թուրքական համարներով ֆուրը հատում է Հայաստանի սահմանը, և այդ ֆուրը շատ արագ ուղեկցել են և տարել։ Իսկ թե ուր են տարել, արդյոք դրանով ներկրո՞ւմ է իրականացվել, թե՞ ոչ՝ ես չգիտեմ ու չեմ տրվել գայթակղությանը հրապարակելու այդ լուսանկարները»,- ասաց Պիպոյանը՝ հավելելով, որ իրավապահներին ևս չի դիմել, քանի որ հակված է մտածելու, որ եթե թուրքական ֆուրը սահման է հատել, ապա դա չէր կարող առանց  սահմանային հսկողության լինել:

«Եթե սահմանը հսկվում է, բոլորը նկատում են այդ ֆուրի մտնելը, ապա ես դիմեմ իրավապահներին՝ ի՞նչ անեմ։ Որ հետո էլ իրավապահները գնան ու ասեն՝ դատարկ ֆո՞ւր էր։ Ես ուղղակի համարում եմ, որ եթե մի գործ ենք անում, ապա դա պետք է անենք լիարժեք։ Ավելին՝ ես համարում եմ, որ եթե կա ներմուծում, ապա չի կարող չլինել դրա թողտվություն»,- ընդգծեց Պիպոյանը։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ թուրքական ապրանքների արգելքից հետո մեր շուկայում չեղավ այն տրանսֆորմացիան, որը եղավ մնացած ապրանքների մասով։ Նվազեցվեցին միայն ներմուծման ծավալները, որը ենթադրում էր, որ բիզնեսը փորձում էր լուծումներ գտնել, որը չարվեց: «Մեր երկրի հիմնական պրոբլեմը այն է, որ մենք խորը չենք վերլուծում իրավիճակը։ Գլխացավ ունեցող մարդը երբ հաճախակի գլխացավեր է ունենում, նրան պետք է անպայման հետազոտել, այլ ոչ թե ուղղակի դեղահաբ տալ։ Նույն տրամաբանությունը գործում է նաև տնտեսության դեպքում։ Հարկավոր է շատ ճշգրիտ դասակարգել, ախտորոշել խնդիրները, վերլուծել ու լուծումներ գտնել։ Բայց, ցավոք, եթե չկա նեղ մասնագիտական մոտեցում, արդյունք չի կարող լինել։ Իսկ մեզ մոտ դիլետանտիզմը  օրինակելիություն է դարձել։ Մենք բոլոր երկրների համար կարող ենք դիլետանտիզմի օրինակ դառնալ։ Ստեղծված իրավիճակում հետևանքն էլ լինելու է սա»,- ասաց Պիպոյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելք կիրառվեց 6 ամսով, բայց այդ 6 ամսվա մեջ մենք որևէ արդյունք  չտեսանք, իսկ առանց արդյունքի գնալ սահմանափակման հերթական երկարացմանը՝ արդեն ծիծաղելի է. «Միայն այն, որ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հարց է հնչում՝ արգելքը երկարացվելու է, թե ոչ, այսինքն՝ բիզնեսը չգիտի, ապա դա նշանակում է, որ էկոնոմիկան տեղում չէ։ Էկոնոմիկան բիզնեսմենին պետք է անընդհատ սնի ինֆորմացիայով, թե նա  ինչ սպասում պետք է ունենա ապագայի նկատմամբ։ Առանց կանխատեսման, առանց սպասումների տնտեսությունը չի կարող զարգանալ։ Իսկ եթե բիզնեսը ԱԺ հարցուպատասխանից է իմանում, որ հնարավոր է արգելքը երկարացվի, ապա դա նշանակում է, որ մի բան էն չի։ Իսկ եթե ավելի լուրջ՝ ամեն ինչ էլ սխալ է»,- եզրափակեց Պիպոյանը։

Լուսանկարը՝ Photolure-ի