Ինչ է խմորվում Սյունիքի շուրջը

Հայաստանի ներքաղաքական կամ, այսպես ասած, փորձագիտատեղեկատվական շրջանակում բավականին աշխուժորեն քննարկվում, գեներացվում է Սյունիքի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական նկրտումների թեման: Միևնույն ժամանակ հարկ է նկատել Սյունիքի թեմայի մեկ այլ շրջանառություն կամ թույլ շոշափում՝ արմատական ընդդիմության, այսպես ասած՝ այլընտրանքային կառավարության ձևավորում և դրա, այսպես կոչված, «շտաբի» տեղակայում Սյունիքում:

Կան որոշակի հիմքեր՝ եզրակացնելու, որ այս երկու «խոսույթը» ունեն որոշակի փոխկապակցվածություն՝ հատկապես հաշվի առնելով այն, որ դրանք գալիս են ըստ էության շաղկապված ակունքներից: Եվ այստեղ անհրաժեշտ է հայացք ձգել մի բավականին նուրբ հանգամանքի, որը ուշադրության էր արժանացել լոկ ներքաղաքական թեժության տրամաբանության շրջանակում:

Խոսքը դեռևս նախորդ տարի վարչապետ Փաշինյանի՝ Սյունիք չկայացած այցն էր, որը տեղի չունեցավ այն պատճառով, որ մի խումբ մարդիկ փակել էին ճանապարհը և հայտարարել, թե թույլ չեն տալիս վարչապետին մուտք գործել Սյունիք: Նիկոլ Փաշինյանը, որ մինչ այդ անցել էր Սիսիան և մի քանի հարակից գյուղեր, չկարողացավ մեկնել Գորիս և Կապան, նաև Շուռնուխ և այլ գյուղեր: Նա հետ դարձավ, և առ այսօր տեղի չի ունեցել վարչապետի այց Սյունիք:

Երբ հիմա հետահայաց դիտարկում ենք Սյունիքի շուրջ գեներացվող տեղեկատվական քաոսը, տագնապը և զուգահեռ շոշափվող գաղափարները, ամիսներ առաջ վարչապետի մի չկայացած այցը կարծես թե հայտնվում է բավականին հարաբերական և հարցեր առաջացնող պատկերային մթնոլորտում: Առաջանում են ուրվագծեր, որոնք թույլ են տալիս մտածել, որ ինչ-ինչ շրջանակներում դիտարկվում է Սյունիքը Հայաստանի մնացյալ մասից ինչ-որ կերպ տարանջատելու ծրագիր, ռազմավարություն, որի շրջանակում է նաև թուրք-ադրբեջանական ագրեսիայի վտանգի գեներացիան և դրա համատեքստում Ռուսաստանի հետ ավելի «խորը ինտեգրացիայի» գաղափարը: Այդ գաղափարը ակնհայտ հակասության մեջ է Հայաստանի անկախության, միջազգային սուբյեկտության, անկախ պետականության գաղափարի հետ:

Միաժամանակ պետք է նկատել քաղտեխնոլոգիական նուրբ վտանգը կամ ռիսկը, երբ տեղեկատվական մանիպուլյացիաների և տարատեսակ գաղափարների միջոցով փորձ է արվում հանրային ենթագիտակցության մեջ ձևավորել իրավիճակ, երբ կարող են հակադիր դիրքերում հայտնվել Հայաստանի միջազգային սուբյեկտության և անկախ պետականության ու Սյունիքի անվտանգության հեռանկարները:

Ակնառու է, որ կան շրջանակներ, որոնք կամա թե ակամա փորձում են ձևավորել այդ իրավիճակը՝ այդ թվում օգտագործելով Հայաստանի ցանկացած տարածքի, այդ թվում՝ Սյունիքի անվտանգությամբ անշահախնդիր մտահոգված մարդկանց անկեղծությունը: Ըստ ամենայնի առաջացել է անհրաժեշտություն, որպեսզի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրականացնի ամիսներ առաջ տեղի չունեցած այցը Սյունիք: