«Ամեն ինչ լավ է, ՀՀ ԶՈՒ-երը վերահսկում են իրավիճակը։ Մեր զինվորների, սպաների տրամադրությունը շատ բարձր է, ու վստահ եմ՝ հաղթանակը շատ մոտ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ապարան» ջոկատի հրամանատար, պատերազմի առաջին օրերից իր ջոկատի հետ առաջնագծում գտնվող Ռազմիկ Պետրոսյանը։
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ դիվանագիտական ու մարտական հաջողությունները իրար փոխլրացնող են լինելու. «Վստահաբար դիվանագիտական ջանքերը աջակցելու են ռազմական հաջողություններին, ու մեր ուղղությամբ մենք ունենք հաջողություններ։ Այս ամենը ևս երաշխիք է, որ մենք կարճ ժամանակ հետո վերջնական հաջողություն ունենանք»։
Սա վերջի՞ն պատերազմն է՝ հարցին ի պատասխան Ռազմիկ Պետրոսյանն ասաց. «Մեր տարիքի ու սերնդի համար՝ այո, հուսով եմ՝ մենք այնպիսի հաղթանակ կգրանցենք, որ մի քանի սերունդ խաղաղության մեջ կապրի։ Մենք այդպիսի հաղթանակ ենք ուզում գրանցել, ոչ թե ժամանակավոր հաղթանակ կամ հրադադար, այլ վերջնական հաղթանակ»։
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց՝ այսօրվա հաղթանակին մեծապես նպաստում են օրվա իշխանությունները. «Նախկին իշխանությունների օրոք հաղթանակի ակնկալիք չէինք կարող ունենալ։ Այն վերաբերմունքը, որ մենք այսօր տեսնում ենք բանակի ու առաջնագծի նկատմամբ, միանշանակ ոգևորիչ է մեր բանակի համար։ Շատ բան է տարբերվում հենց նույն քառօրյա պատերազմից, այդ պատճառով էլ վստահ եմ՝ հաղթանակը շատ մոտ է»։