Չի կարելի ասել, որ հայ զինվորը եղել է սոված կամ ոտաբոբիկ, տարբեր ժամանակներում եղել են խնդիրներ, որոնք քայլ առ քայլ լուծվել են. Սեյրան Օհանյան

Այս բախումով չի ավարտվելու, և ես կոչ եմ անում երկրի ղեկավարությանն ու ԶՈւ հրամանատարությանը սթափ գնահատել իրավիճակը և անընդհատ մտածել սադրանքների կամ արկածախնդրության դեպքերում հակառակորդին արժանի հակահարված տալու, պատժելու, պարտադրելու մասին։

Այս մասին «Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարցը» հաղորդման ընթացքում հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Դեռ Արցախյան ազատամարտի տարիներից պարբերաբար մարտական գործողություններ են ընթացել նաև Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանին, որը նախկին խորհրդային երկու հանրապետությունների սահմանն է: Բայց կա դիրքերի խճճվածություն, կան դիրքեր, որ մեր տարածքում են, բայց իրենցն են, կան դիրքեր, որ իրենց տարածքում են, բայց մենք ենք զբաղեցնում։ Դիրքային պայքարը մշտապես եղել է։ Այս վերջինը դիրքային բախում էր, որն ամենամեծն էր վերջին տարիներին։ Այդ բախման արդյունքում Հայկական ԶՈՒ-ը դիրքային բարելավում են իրականացրել։ Սա Ադրբեջանի սադրանքի արդյունքում է եղել, և դիրքերի բարելավումը տեղի է ունեցել բացառապես ՀՀ տարածքում։ Եվ մենք բոլորս տեսանք՝ ինչ  նպատակասլացությամբ ու պատվով Հայկական բանակն իր առջև դրված խնդիրն իրականացրեց», – ասել է Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ մենք ևս մեկ անգամ ամրագրեցինք, որ հայ ժողովուրդը իր բանակի հետ միասին վտանգի պահին համախմվում է, և եթե առաջին դեպքում կամավորական շարժումը լրացրեց այն քանակական առավելությունը, որ ուներ Ադրբեջանը Արցախի բանակի նկատմամբ, և նաև բավականին մեծ խնդիր կատարեց՝ բարոյահոգեբանական մակարդակի ամրապնդման առումով, արդեն այս դեպքում «ժողովրդի հետ համախմբվածությունը թույլ տվեց ևս մեկ անգամ սահմանային ՀՀ տարածքում միահամուռ կերպով պաշտպանել մեր սահմանը և կատարել մեր առջև դրված խնդիրները»:

Օհանյանն ասել է, որ ՀՀ ԶՈՒ-ը կայացած կառույց է և սահմանների պաշտպանության իր պարտականությունները կատարում է։

«Ցույց տվեցինք մարտական բարձր պատրաստակամություն և զորատեսակների միջև համագործակցության բարձր աստիճան, բացի հետևակից, նաև հրետանին, ՀՕՊ-ը, նաև գործակցությունը ՏԻՄ-երի հետ, և միասնական տեղեկատվական կենտրոնը, որը մենք փորձարկել էինք Շանթ-2015 զորավարժություններում, իրենց փայլուն դրսևորեցին»,- նշել է Օհանյանը։

Պատասխանելով 2016-ի Ապրիլյան պատերազմի հետ համեմատության եզրերի վերաբերյալ հարցին՝  նախկին նախարարն ասել է, որ Քառօրյան սկսվել է մի քանի տեղում դիվերսիոն-հետախուզական գործողություններով, այնուհետև ճակատի ամբողջ երկայնքով ավելի քան 35 ուղղությամբ մարտական գործողություններով։

«Իսկ այս գործողությունները մեզ համար անակնկալ չէին, նախապատրաստվող գործողությունների դեպքում անակնկալ ազդեցություն չի ունենում այն։ Մեկ դիրքի շուրջ այս գործողություններով բանակը փայլուն կատարեց իր առաքելությունը, եւ մենք ամրագրեցինք  նաեւ համաժողովրդական համախմբվածության հերթական բարձր նշաձողը», ընդգծել է Սեյրան Օհանյանը։

Ինչ վերաբերում է բանակի կառավարման գործում նախկինների և ներկաների միջև իշխանության որոշ ներկայացուցիչների համեմատություններին, Սեյրան Օհանյանն ասել է, որ չի ուզում «իմուքոնն» անել։ Իր խոսքով՝ հայկական բանակը ոչ 1-ին, ոչ 2-րդ, ոչ 3-րդ նախագահինն է, ոչ էլ այսօրվա վարչապետինը, ոչ մի պաշտպանության նախարարինը չէ, այլ բոլորն են իրենց ջանքերը ներդրել, որ ԶՈՒ-ն անընդհատ կատարելագործվի։

«Ես հպարտանում եմ, որ այսօրվա պաշտպանության նախարարը, ԳՇ պետը, զորամասերի հրամանատարներն իմ գործընկերներն են եղել և այսօր պատվով կատարում են իրենց խնդիրը։ Չի կարելի ասել, որ հայ զինվորը եղել է սոված կամ ոտաբոբիկ։ Տարբեր ժամանակներում եղել են խնդիրներ, որոնք քայլ առ քայլ լուծվել են։ Մեկ վաշտ կայացնելու համար 2 տարի է պետք, զորամասը՝ 3-4 տարի, բանակային կորպուսը՝ 5-6 տարի, այսինքն զօրուգիշեր քրտնաջան աշխատանքով ենք այսօր հասել այս արդյունքին», ասել է Սեյրան Օհանյանը:

Նա նշել է, որ այս բախումով չի ավարտվելու. «Կոչ եմ անում երկրի ղեկավարությանն ու ԶՈւ հրամանատարությանը սթափ գնահատել իրավիճակը և անընդհատ մտածել սադրանքների կամ արկածախնդրության դեպքերում հակառակորդին արժանի հակահարված տալու, պատժելու, պարտադրելու մասին»։

Օհանյանը նկատել է, որ նախորդ տասնամյակներին դրվել են ռազմարդյունաբերական համալիրի հիմքերը, կատարելագործվել է մասնավորապես ԱԹՍ-ներ ստեղծելու և զարգացնելու գործը, ստեղծվել են ռազմական բուհերն ու ակադեմիան, որտեղ կրթություն ստացած սպաներն այսօրվա հրամանատարներն են։

Աղբյուրը՝ tert.am