Տնտեսությունը կորոնավիրուսից հետո

Միջազգային տնտեսական պարբերականներում մոտ մեկ ամիս քննարկումներ են՝ «Ինչպիսին կլինի տնտեսությունը համավարակից հետո» թեմայով: Առիթը մի կողմից՝ արտակարգ իրավիճակի թեթևացումն է, մյուս կողմից՝ այն, որ արևմտյան երկրները (նաև Ռուսաստանը) համարյա միաժամանակ հայտարարեցին, թե իրենց կառավարությունները սկսում են մշակել ազգային տնտեսությունների վերականգնման ծրագրեր: Ինչպես վայել է նման իրավիճակին, անկախ տնտեսական վերլուծություններն ավելի արագ հայտնվեցին, քան պոետական պլան-ծրագրերը: Իրավիճակին բնորոշ վերլուծություններ: Այսինքն՝ և՛ լավատեսական, և՛ հոռետեսական:

Մեր նախահամավարակային ընդունված բառապաշարով ասած՝ իրավիճակն իսկապես աննախադեպ է: Տնտեսության նման անկում, կամ ավելի ճիշտ՝ կանգ, երբեք չի գրանցվել:

Լավատեսական ծրագրերի համաձայն՝ համաշխարհային տնտեսության կորուստները կկազմեն ՀՆԱ 5 տոկոսի չափով: Խոշոր տնտեսություններից ամենալավ վիճակում կհայտնվի Չինաստանը (ՀՆԱ կորուստը՝ 3.3 տոկոս): Ամերիկյան տնտեսությունը կկորցնի 5 տոկոսի չափով: Եվրամիության երկրների միացյալ կորուստը գնահատվում է 10 տոկոսի չափով: Լավատեսական վերլուծությունները համարյա բացառում են լատինական V տառը հիշեցնող վերականգնում: Սա այն դեպքն է, երբ վերականգնումն ընթանում է անկման արագությամբ հատակից հետ ցատկող գնդակի նման:

Ավելի շատ են U տառը հիշեցնող վերլուծությունները: Այս պարագային վերականգնումը շատ ավելի դանդաղ է կանխատեսվում, և հնարավոր է միայն 2021-ից հետո: Ամենահոռետեսական ծրագրերը լատինական L տառն են համարում իրավիճակի խորհրդանիշ՝ ենթադրելով, որ անկման հաղթահարման մասին խոսելը դեռ վաղ է: Հետաքրքիր զուգադիպություն կա: Թե՛ լավատեսական, թե՛ հոռետեսական ծրագրերում Չինաստանի տնտեսական անկման գնահատականը նույն 3.3 տոկոսն է: Հիմնականում: Ճիշտ այնպես, ինչպես այդ երկու՝ «հակադիր» ծրագրերում Միացյալ եվրոպական ճգնաժամի գնահատականը նույն 10 տոկոսի սահմաններում: Միակ տարբերությունն ամերիկյան տնտեսության ՀՆԱ-ի անկման գնահատականն է, որ ըստ հոռետեսների՝ կկազմի մոտ 8 տոկոս:

Վերլուծություններում ընդունված կարծիք է, որ ամենամեծ չափով տուժելու է արևմտյան երկրների արդյունաբերությունը: Դա սովորաբար բացատրվում է, որ վերջին տասնամյակների գլոբալիզացիոն գործընթացների արդյունքում շղթայով միացրել է արևմտյան երկրների արդյունաբերական համակարգերը։ Ուստի առանձին պետությունների կառավարություններն արագ ու արդյունավետ չեն կարող ազդել ներքին տնտեսական կյանքի վրա: Նաև այն պատճառով, որ երկրները տնտեսական ինքնապահովման ցածր մակարդակ ունեն: Որքան էլ տարօրինակ թվա՝ տնտեսական կյանքի վրա առժամանակ բացասական ազդեցություն կունենա համավարակային նորամուծությունը՝ հեռագնա աշխատանքը: Ենթադրվում է, որ աշխատանքի այս ոճն առավել դուր կգա բարձր որակավորում ունեցող մասնագետներին, և նրանք համավարակից հետո չեն վերադառնա աշխատանքային նախկին ռիթմ-կանոններին:

Տնտեսական մյուս խոշոր բացասական գործոնն առևտրի ծավալների կրճատումն է: Առևտրի համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այս տարի երկրորդ կիսամյակին առևտուրը կկրճատվի 18.5 տոկոսի չափով: Նշվում է, որ սպառողը տնտեսական ճգնաժամի պատճառով ավելի խնայող (նույնիսկ՝ գծուծ) կլինի: Նույնիսկ թունդացել է «սպառողական հասարակության» մահվան մասին խոսք ու զրույցը:

Այս պատճառով էականորեն կկրճատվի արժեթղթերի շուկան: Շատ ձեռնարկությունների արժեթղթեր առոչինչ կդառնան: Խոսքը, հասկանալի է, առաջին հերթին, այսպես կոչված, «աղբային արժեթղթերի» մասին է: Մյուս պնդումները կենսաթոշակային հիմնադրամների մասին են:

Շատերի կարծիքով՝ տնտեսական ծանր իրավիճակում այդ հիմնադրամները «ստիպված կլինեն» գնալ ավելի ռիսկային ներդրումների: Հնարավոր բոլոր հետևանքներով: Սա, իհարկե, մերոնց էլ է վերաբերում: Մեր իշխանությունները կենսաթոշակային հիմնադրամներին դեմ էին, քանի դեռ ընդդիմություն էին: Իսկ հիմա նույնիսկ համավարակի տնտեսական հետևանքները հաղթահարելու ծրագրեր չեն մշակում: Ուր մնաց՝ կեսաթոշակային հիմնադրամի պես մանր խնդիրներով զբաղվեն:

168.am