Նիկոլ Փաշինյանը վերջին 1.5 տարվա ընթացքում սահմանին լարվածության կտրուկ նվազում է արձանագրում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ 1.5 տարվա ընթացքում լարվածության կտրուկ նվազում է արձանագրում սահմանին: Այս մասին Փաշինյանն ասել է ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում:

«Ընդհանուր առմամբ այն իրավիճակը, որ մենք ունենք հայ-ադրբեջանական հարաբերություններում, իր մեջ միշտ էլ վտանգներ պարունակում է, բայց ես ուզում եմ ասել, որ այդ վտանգներն այսօր ավելին չեն, քան եղել են օրինակ՝ 3, 4, 5 տարի առաջ: Եթե հիմա մոնիտորինգի ենթարկենք սահմանային իրավիճակը, լարվածության աստիճանը, կտեսնենք, որ նախորդ 1.5 տարվա ընթացքում ընդհանրապես լարվածության շատ կտրուկ և էական անկում ունենք, և այդ անկումը տեղի է ունեցել Դուշանբեի հայտնի քննարկումների համատեքստում»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացքում ևս հետաքրքիր դինամիկա կա:

«Ցավոք, լարվածությունն, ընդհանուր առմամբ, շատ ավելի ցածր մակարդակի, բայց կա, շարունակվում է, և, ցավոք, մենք այսօր էլ ունենում ենք զոհեր: Ոչ ոք չի ասում, որ Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման ենք հասել, բայց մյուս կողմից կարծում եմ, որ բանակցային գործընթացում կա բավականին հետաքրքիր դինամիկա, և ես լավատես եմ, որ այն կզարգանա»,- ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:

«Ադրբեջանական կողմը, կրկին ցուցաբերելով ապակառուցողական դիրքորոշում և ավելին՝ արհամարհելով Բաքվում ընթացող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, գնում է առաջնագծում իրադրությունը արհեստականորեն լարելու ուղղությամբ՝ ավելի հաճախակի օգտագործելով դիպուկահար զինատեսակներ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է հակամարտող կողմերի միջև լարվածությունը թուլացնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, բայց հակառակորդի սադրանքների շարունակման դեպքում դիմելու է իրավիճակից բխող համարժեք գործողությունների»,- ասված է Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ: