Մանկապարտեզների վերաբերյալ լավ լուր աշխատող ծնողների համար

Սեպտեմբերի 1-ից Երեւանի նախադպրոցական հաստատություններում արդեն կգործի երկարօրյա ծառայություն։ Այս մասին ֆեյսբուքյան «Մանկապարտեզները եւ երեխաները» խմբում գրել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը։ «Եկել եմ լավ լուրով կիսվեմ, սեպտեմբերից Երևանի բոլոր մանկապարտեզները կմատուցեն երկարացված օրվա ծառայություն, դա կլինի վճարովի՝ ամսական 5000 դրամ, խումբը բացվելու միակ նախապայմանն այն է, որ ողջ մանկապարտեզից առնվազն 5 երեխայի ծնող դիմի։ Հիմիկվանից արդեն կարող եք մոտենալ ձեր մանկապարտեզների տնօրեններին և գրանցվել երկարօրյայի համար, եթե ուզում եք, որ ձեր երեխան հաճախի։ Երկարօրյա խմբերը կաշխատեն 17։30-19։00»,- գրել է նա: Ջավախյանը նաեւ տեղեկացրել է, որ սնունդ չի լինելու երկարօրյա ծառայության մեջ. «Եթե խոհանոցն էլ աշխատեր, շատ ավելի թանկ էր լինելու վարձավճարը, կարևոր էր, որ մատչելի լինի։ Կարող եք երեխաների հետ չփչացող որևէ բան ուղարկել երեկոյան համար (օինակ՝ կեքս, բուլկի)»:

Աղբյուրը auroranews.am