Միջազգային ասպարեզում Ղարաբաղյան խնդրի բուն էության մասին պատկերացումները խեղաթյուրված են։ ՀՀ վարչապետը դիվանագետներին հորդորել է անընդհատ թարմացնել հակամարտության ծագման, պատճառների վերաբերյալ բազային տեղեկատվությունը։
Ինչպես Ադրբեջանն է դուրս եկել ԽՍՀՄ կազմից, այնպես էլ ԼՂԻՄ–ն է դուրս եկել Սովետական Ադրբեջանի կազմից։ Այսօր ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը, ներկայացնելով ԼՂ հարցի իրական ծագումը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չափազանց դառնացած եմ այն իրավիճակով, որով որպես վարչապետ ժառանգել եմ ԼՂ կարգավորման բանակցային գործընթացն ու ընդհանրապես Ղարաբաղի հարցի միջազգային ընկալումը»,– ասաց վարչապետը` ընդգծելով, որ հակամարտության 30 տարիների ընթացքում խնդրի իրական ենթատեքստն այնպես է խեղաթյուրվել, որ այսօր անգամ միջազգային ատյաններում այդ հարցի վերաբերյալ լիարժեք պատկերացում չկա։«Այս առումով շատ կարևոր եմ համարում ԼՂ հակամարտության ծագման, պատճառների, համատեքստի վերաբերյալ բազային տեղեկատվությունն անընդհատ թարմացնելը, այսպես ասած` update-ի ենթարկելը։ Հաճախ առաջնորդվելով այն կանխավարկածով, թե միջազգային հանրությունը բավարար չափով տեղեկացված է Ղարաբաղի խնդրի մասին, մենք հաշվի չենք առնում, որ պաշտոնյաները, նույնիսկ ինստիտուտներն անընդհատ փոխվում են, և այդ փոփոխությունների հետ ակնհայտ թվացող ճշմարտությունները հաճախ մոռացվում են, կորսվում և որ ավելի վատ է` նենգափոխվում»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետի համոզմամբ, հայաստանյան դիվանագետները պետք է հետևողական լինեն հակամարտության հետևանքները ներկայացնելիս ու հանրահռչակելիս։
Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքին Փաշինյանը հայտարարեց նաև, որ ՀՀ կառավարության նպատակը Հայաստանի, Սփյուռքի ու Արցախի միջև սահմանները ջնջելն ու վերացնելն է։ Իսկ Հայաստանի դիվանագետները պետք է լինեն համայն հայության միավորող գործոններ։
Աղբյուրը armeniasputnik.am