«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանին գրավոր հարցում է ուղարկել՝ պահանջելով իրենց տրամադրել «Սանիթեքի» հետ կնքած պայմանագրի պատճենը: Քաղաքապետարանը, սակայն, հրաժարվել է պայմանագիրը հրապարակել:
«Երևանի պաշտպանության ճակատը» դատի է տվել Երևանի քաղաքապետարանին, քանի որ քաղաքապետարանը հրաժարվել է տրամադրել «Սանիթեքի» հետ կնքած պայմանագիրը: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Երևանի պաշտպանության ճակատի» համակարգող Բաբկեն Հարությունյանը:
‹‹Խնդիրն այն է, որ մենք հարցում էինք ուղարկել քաղաքապետարան՝ պահանջելով ներկայացնել «Սանիթեքի» հետ կնքած պայմանագիրը: Սակայն քաղաքապետարանից մեզ պատասխանել են` նպատակահարմար չեն համարում պատասխանել հարցմանը, քանի որ «Սանիթեքի» և քաղաքապետարանի միջև որոշակի դատական գործընթացներ են ընթանում: Ստացվում է՝ պայմանագիրը մեզ չեն տրամադրում՝ առանց հղում անելու որևէ կետի»,-ասաց նա:Հարությունյանի գնահատմամբ՝ քաղաքապետարանը կամային պատասխան է տվել իրենց նամակին:Ըստ նրա՝ այս իսկ պատճառով էլ մեկ շաբաթ առաջ դատական հայց են ներկայացրել քաղաքապետարանի դեմ ու հիմա սպասում են դատարանի պատասխանին:
«Պարզ է դառնում մեկ բան՝ մարդն այսքան ժամանակ զբաղեցնելով քաղաքապետի պաշտոնը ոչ միայն չի կարողանում խնդիրները լուծել, այլև չի կարողանում ժամկետներ նշել, թե երբ կլուծվի, օրինակ` աղբահանության հարցը: Աղբահանության համար քաղաքապետարանից տրվող գումարները տարեցտարի վրա ավելանում է, սակայն աղբը չի պակասում: Դրա համար էլ պայմանագիրն ենք ուզում, որ մենք էլ իմանանք՝ ում ինչի համար են գումար տալիս»,-ասաց նա՝ հավելելով, որ դատարանի միջոցով են փորձում ստանալ այդ պայմանագիրը:
Հիշեցնենք, որ աղբահանության խնդիրը Երևանում սրվեց այս ամառ, երբ Երևանի քաղաքապետարանի և աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության մեջ խնդիրներ առաջ եկան։ «Սանիթեք» ընկերությունը մեղադրվում է խոշոր չափերով հարկեր չվճարելու մեջ։«Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել դեռևս փետրվարի 22-ին։ Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան: Քրեական գործի նախաքննության ընթացքում «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտումների ծավալը պարզելու համար նշանակվել են համալիր հարկային ստուգումներ, որոնք դեռևս ընթացքի մեջ են:
Աղբյուրը՝ sputnikarmenia.am