Երևանում 270 մետր բարձրությամբ 71 հարկ ունեցող երկնաքերի նախագծային աշխատանքները կտևեն մոտ 2 տարի, իսկ շինարարական աշխատանքները՝ 5։ Այս մասին «Լաուրա ինվեսթմենթ» ընկերության ներկայացուցիչները հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին` հայտնում է նախարարության կայքը։
«Ներդրումները կազմելու են 270 մլն ԱՄՆ դոլար։ Նախատեսվում է շինարարությունն իրականացնել ներկայիս Դալմայի այգիների հարակից տարածքում, որտեղ ընկերությանն առաջարկվում է ստեղծել և բարեկարգել նաև ենթակառուցվածքներ՝ այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտի և ճոպանուղի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Տիգրան Խաչատրյանը վստահեցրել է, որ ներդրողները կզգան նախարարության աջակցությունն այն բոլոր հարցերում, որտեղ կլինի դրա անհրաժեշտությունը։ Նախարարն առաջարկել է դիտարկել տեղական արտադրության ներուժի օգտագործման հնարավորությունները` ծրագրի իրականացման ընթացքում։Հանդիպմանը ներկայացվել են նաև համալիրի սեյսմիկ կայունության ապահովմանը միտված քայլերը։
Աղբյուրը sputnikarmenia.am