Ահաբեկչության համար հետախուզվող Հնդկաստանի 2 քաղաքացուն հայտնաբերել են Հայաստանում

ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի 2 քաղաքացու։Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից, հանցավորության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ ոստիկանության ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից ստացված տեղեկությունների հիման պարզել են, որ 2019թ. օգոստոսի 8-ին նշված անձինք Ստամբուլ-Երևան չվերթով ժամանել են Երևան:

Նույն օրը՝ Ինտերպոլի միջազգային հետախուզման հայտը ստանալուց ժամեր անց, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հնդկաստանի վերոնշյալ քաղաքացիներից մեկը հայտնաբերվել և բերման է ենթարկվել:Պարզվել է, որ վերջինս մի շարք ծանր հանցագործություններ (այդ թվում` ահաբեկչություն, սպանություններ) կատարելու համար մեղադրվում է Հնդկաստանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով: Նրա ուղեկիցը, ով Հնդկաստանի իրավապահ մարմինների կողմից նույնպես հետախուզվում է ահաբեկչության, սպանության և այլ հանցագործությունների կատարման համար, օգոստոսի 14-ին ևս հայտնաբերվել և բերման է ենթարկվել Բագրատաշենի սահմանային անցակետը հատելու փորձ կատարելիս:

Հնդկաստանի երկու քաղաքացիները կալանավորվել են: