ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ Ամուլսարի հետ կապված այսօրվա 2 ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել է խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին՝ ի հեճուկս աղիողորմ խնդրանքների՝ աշխատանքի չի ընդունել: Այս մասին վարչապետը գրել է Facebook–յան իր էջում։
«Սա հայկական իրականության ողբերգություններից է, երբ հաճախ դիրքորոշումների շարժառիթները ոչ թե սկզբունքներն են, հայացքները, համոզմունքները, այլ նեղ անձնական հաշվարկները և զգացողությունները»,–գրել է նա։Փաշինյանը հետգրությամբ հայտնել է նաև, որ մի հին «բարի» կուլտուրա կա Հայաստանում, որ բռնկվում, խոսում, ահազանգում, մտահոգվում են միայն մի պատճառով` «իշխանությունը մի բան տա, բերանդ փակի»: Բայց սա, ըստ նրա, աշխատում էր հին իշխանության հետ, իսկ նոր իշխանության հետ բացառվում է, որ աշխատի: «Ու, բարեբախտաբար, նման կուլտուրայի կրողները Հայաստանի հանրային դաշտում գնալով քչանում են: Շատ քչերն են մնացել»,–գրել է վարչապետը:
Հիշեցնենք, որ այսօր քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը Facebook–ի իր էջում գրել է, որ եթե մինչ այս կասկածներ ուներ, որ Ամուլսարի հարցում խոշոր կոռուպցիոն գործարք է տեղի ունեցել, ապա այժմ արդեն որևէ կասկած չունի: «Դրանում ոչ մի, կրկնում եմ` ոչ մի կասկած այլևս լինել չի կարող: Ստախոս, խաբեբա և հիմա արդեն ժողովրդին ու երկրին դավաճանող կառավարությունը պետք է նախ հետ կանգնի Ամուլսարը բացելու իր որոշումից: Այլընտրանք չկա: Այս երկիրը մենք չենք վաճառելու միայն խոսքեր ու խոստումներ շաղ տվող շաղակրատ իշխանությանը»,–գրել էր նա։
Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ևս Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին գիտեր դեռ 8 ամիս առաջ, երբ դեռ բնապահպանական տեսչության ղեկավարն էր: Նրա խոսքով` իր նշանակման օրվանից սկսած Ավինյանի գրասենյակը լծվել է իր ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին։Դատախազությունն այսօր հայտնեց, որ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումներն ուղարկել են ԱԱԾ։Օրերս Քննչական կոմիտեն Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության քննիչ Յուրա Իվանյանի շուրթերով հաստատել էր, որ ըստ փորձաքննության արդյունքների՝ Ամուլսարի ոսկու հանքում արդյունահանումը շրջակա միջավայրի համար անկառավարելի ռիսկեր չի պարունակում։