ՈրոնելԱրխիվРусEngՀայToggle navigationՌուսաստանի քաղաքական անակնկալը ՀայաստանինՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան09:34 20.08.2019 | Մեկնաբանություն | Դիտումներ՝ 1553 Ռուսաստանը որոշել է մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնումը: Որոշումը հիմնավորվել է «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 1-ի Կոնվենցիայի 19-րդ հոդվածով: Այդ հոդվածը նախատեսում է այն դեպքերը, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հանձնման միջնորդությունը քննարկող կողմի, այս դեպքում Ռուսաստանի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը:Միհրան Պողոսյանի Հայաստանին արտահանձնումը Ռուսաստանը դիտարկել է սպառնալիք իր ինքնիշխանությանն ու անվտանգությա՞նը: Թե՞ Պողոսյանն էլ՝ Միքայել Հարությունյանի նման ՌԴ քաղաքացի է, եւ, ինչպես օրինակ Պերմյակովի դեպքում, այս դեպքում էլ ՌԴ օրենսդրությունը թույլ չի տալիս արտահանձնել իր քաղաքացուն որեւէ այլ երկրի:Պողոսյանի քաղաքացիության մասին պաշտոնական տվյալներ չկան, ըստ այդմ պետք է ենթադրել, որ արտահանձնումը զուտ քաղաքական որոշում է, թեեւ այստեղ իհարկե առանձնապես այլ սպասում թերեւս չի էլ եղել: Ակնառու էր, որ հանձնել-չհանձնելը լինելու էր զուտ քաղաքական որոշում:Հատկանշական է, որ այդ որոշման մասին հայտնի դարձավ այն օրերին, երբ Ռուսաստանում տեղի էր ունեցել ՌԴ եւ Հայաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, դրա ընթացքում քննարկվել են նաեւ ռազմա-տեխնիկական գործակցությանն առնչվող կարեւոր հարցեր:Մի քանի շաբաթ առաջ Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ այդ իմաստով կլինեն ռազմական անակնկալներ: Քննարկվե՞լ են դրանք ՌԴ նախարարի հետ հանդիպմանը եւ արդյոք Հայաստանին ընդառաջելով այսպես ասած ռազմական լավ անակնկալի հարցում, Մոսկվան իրավիճակը հավասարակշռել է քաղաքական տհաճ անակնկալով: Կամ պարզապես «փոխանակել» է ռազմական լավ անակնկալը քաղաքական տհաճ անակնկալի հետ:Վարչապետ Փաշինյանը շաբաթներ առաջ ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, թե Հայաստանի քաղաքացիները չեն կարող հասկանալ Պողոսյանին չարտահանձնելու որոշումը, եթե Մոսկվան կայացնի այդպիսին: Ռազմական եւ քաղաքական անակնկալների «փոխանակումը» Հայաստանի քաղաքացիների համար կարող էր դառնալ հասկանալի, եթե դրա արդյունքում Հայաստանն այսպես ասած պարտք չի մնում:Հարցն այն է, թե արդյոք Հայաստանին պարտք չի մնում Ռուսաստանը: Դա իհարկե կախված է հանգամանքից, թե ինչպիսին է հնարավոր ռազմական անակնկալը, եթե այն իհարկե հայ-ռուսական հարաբերության տիրույթից է:Ակնհայտ է, որ Պողոսյանին չհանձնելու քաղաքական որոշումը Մոսկվայի համար «մարդասիրություն» չէ, եւ ոչ էլ քմահաճույք, ու թերեւս ոչ էլ Հայաստանի նոր իշխանության հետ խաղ: Այն ավելի շուտ խաղ է գուցե Բաքվի իշխանության հետ, հաշվի առնելով այն, որ Պողոսյանն Ալիեւի հարեւաններից էր՝ օֆշորային: Նրանց անունը միեւնույն աղմկոտ արտահոսքում էր, որ բրիտանական մամուլում ծագեց պանամական օֆշորի թեմայով:Այնպես որ, Ռուսաստանի ձեռքին հայտնվել է բավական արժեքավոր վկա: