«Ամուլսարի հերն էլ շուն դառնա». Սիմոնյանը վստահեցրեց` ի վնաս Հայաստանի որոշում չի կայացվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից հեռացավ առանց որևէ մեկնաբանության։ Փոխարենը ԱԺ փոխխոսնակը խոստացավ, որ վարչապետը կխոսի այսօր` ավելի ուշ։

Այսօր վարչապետը հանդես կգա Ամուլսարի մասին հայտարարությամբ։ Այդ մասին Փաշինյանի հետ դռնփակ հանդիպումից հետ լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Եղել է բանավեճ– քննարկում, որի ընթացքում կարմիր գծի նման անցել է հետևյալը. եթե ՀՀ–ին, Սևանին, Ջերմուկին գոնե 0.1 տոկոս վնաս սպառնա, անկախ նրանից, թե որ միջազգային կազմակերպությանը, որ երկրին կամ անհատին դա դուր կգա կամ չի գա, հանքը չի շահագործվի, բայց եթե կլինի իրավիճակ, որտեղ մենք կտեսնեն, որ վնաս չկա, հանքը կշահագործվի»,– ասաց նա։

Իսկ թե ինչպիսին է հարցի շուրջ իշխանական թևի որոշումը ԱԺ փոխնախագահը կոչ արեց հետևել վարչապետի հայտարարությանը, որը նախատեսված է այսօր։Սիմոնյանի խոսքով` պատգամավորների հետ հանդիպմանը քննարկել են ծ բոլոր մտահոգությունները, որպեսզի «հանկարծ չսխալվեն»։

«Եթե կա փոքրիկ մտահոգություն, Ամուլսարի հերն էլ շուն դառնա, այդ կազմակերպության հերն էլ շուն դառնա, կարևորը ՀՀ–ն է, մեր բնապահպանական բարձր մակարդակն է։ Խոսում են ինչ–որ ճնշումների մասին։ Մոռացեք։ Սա այն կառավարությունը չէ, որի վրա կարող են ինչ–որ միջազգային կառույցներ ճնշում գործադրել»,– ասաց Սիմոնյանը։Նշենք, որ Բաղրամյան 26-ում այսօր Նիկոլ Փաշինյանը դռնփակ հանդիպում էր ունեցել ջերմուկցիների ու հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպան–ակտիվիստների հետ։ Իսկ այդ հանդիպման ավարտից հետո Փաշինյանը նույն խնդրի շուրջ փակ քննարկման էր հրավիրել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։

Զուգահեռ, Բաղրամյան պողոտայում Ամուլսարի հարցով բողոքի ակցիան շարունակվում է։ Բնապահպաններից ոմանք բերման են ենթարկվել: