ELARD-ի եզրակացության մութ կողմերը և Լիդիանի հաղթանակը. ո՞ւմ «ականջներն» են Ամուլսարի թնջուկի հետևում

Երեկ տարածվեց մի տեղեկատվություն, ըստ որի՝ Ամուլսարի փորձաքննությունն իրականացրած լիբանանյան ELARD ընկերությունը, որը, ըստ պաշտոնական տեղեկությունների, 400 հազար ԱՄՆ դոլար է ստացել Հայաստանի կառավարությունից, փոխավարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սերժ Սիսեռյանի հոր՝ Լիբանանի վարչապետի խորհրդական Արա Սիսեռյանի մտերիմներին է պատկանում, ով էլ իր որոշիչ ազդեցությունն է ունեցել փորձաքննության արդյունքի վրա: Այսինքն՝ փորձ է արվում փորձաքննության հետևում գտնել Ավինյանի ականջները: Սակայն ուշագրավն այն է, թե ինչպես և ում պատճառով որոշվեց, որ այս փորձաքննությունը ընդհանրապես պետք է տեղի ունենա: Այն պահին, երբ Ամուլսարի թեման հանրային օրակարգում էր, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն իր տված հարցազրույցներից մեկում ասել էր, որ Լիդիանի ներկայացրած բնապահպանական հետազոտություններն արված են շատ մանրակրկիտ, իսկ նման հետազոտություն փորձաքննելու կարողություն նախարարության ՊՈԱԿ-ը, որը տվել է Ամուլսարի թույլտվությունը, չունի: Սրանով է կառավարությունը տևական ժամանակ բացատրել միջազգային փորձաքննության անհրաժեշտությունը: Այլ կերպ ասած, Ամուլսարի հանքում միջազգային փորձաքննության կարիք ծագեց, քանի որ նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները բավարար կարողություններ չունեն՝ գնահատելու ազդեցությունները: Դրա վրա հիմնվելով՝ փետրվար ամսին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեին հատկացվել է 396 հազար 900 ԱՄՆ դոլար գումար՝ ՀՀ քննչական կոմիտեի՝ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով փորձաքննության համար: Քրեական գործով նշանակված է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, նյութագիտական, հողագիտական, քիմիական, տեխնոլոգիական, շինարարատեխնիկական և տնտեսագիտական համալիր փորձաքննություն: Արդյունքներն արդեն իսկ հրապարակվել են, ըստ ամենայնի՝ Ամուլսարը կշահագործվի, այսինքն՝ ստացվել է մի պատկեր, որն ամբողջությամբ ձեռնտու է Լիդիանին: Իսկ այն, որ նախարար Գրիգորյանը որոշակի կապեր ունի այս ընկերության հետ, ինչ-որ տեղ նաև իրականացրել է այս ընկերության լոբբինգը, գաղտնիք չէ: Ստացվում է, որ բնապահպանության նախարարությունը մեսիջ է հղել կառավարությանը, որ փորձագիտական եզրակացություն անելու համար սեփական ուժերը բավարար չեն, կառավարությունը գումար է հատկացրել քննչականին, քննչականից էլ դեռևս այն ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնել են, որ Elard ընկերությունը բավարարել է նախաորակավորման փուլում հայտարարված պահանջները», հետևաբար փորձագիատական եզրակացություն նախապատրաստելը վստահվեց հենց այս ընկերությանը: Կառավարության գործառույթն այստեղ գումար հատկացնելն էր: Հիմա գանք ամենակարևորին. ո՞վ է շահում եզրակացությունից, միանշանակ Լիդիանը, իսկ ո՞վ է զբաղվում Լիդիանի շահերի պաշտպանությամբ ՀՀ կառավարությունում՝ հայտնի է: Հետևաբար, կա տպավորություն, որ սխալ տեղ սխալ ականջներ են փնտրում, հետևաբար, եթե առկա էր տեղեկատվություն, որ վերոնշյալ ընկերության հետ Ավինյանի գրասենյակը ինչ-ինչ կապեր ուներ, ինչո՞ւ այդ տեղեկատվությունը չի հրապարակվել նախապես, մինչ եզրակացության հրապարակումը: Հրապարակումից հետո պարզ դարձավ, որ հանրության և բնապահպանների մի ստվար հատված մեղավորության սլաքներն ուղղում է դեպի բնապահպանության նախարարություն, հետևաբար, վերոնշյալ սլաքներն այլ կողմ ուղղելու անհրաժեշտություն կար…