Ինչպես հայտնի է՝ 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված բազմաթիվ փախստականների բնակարանային հարցերը դեռևս մնում են չլուծված: Պարզվում է՝ Հայաստանում բնակարանի կարիք ունեցող փախստական ընտանիքների թիվը 2589 է, որոնցից 1070-ը Երեւանում, իսկ 1519-ը մարզերում:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2004 թվականի մայիսի 20-ի որոշմամբ հաստատել է Ադրբեջանից բռնագաղթված անձանց բնակապահովության առաջնահերթ ծրագիր: Ծրագրի իրականացման նպատակով սկսած 2005 թվականից՝ ՀՀ պետական բյուջեում նախատեսվել են գումարներ, որոնցով 1065 ընտանիքներ ստացել են բնակարանի գնման վկայագրեր, որոնցից 718-ը իրացրել են դրանք` ձեռք բերելով բնակարաններ Երևանում և մարզերում: Բայց 2009 թվականից հետո ծրագրի իրականացման համար ՀՀ պետբյուջեում գումարներ չեն նախատեսվել: Արդյունքում այսօր 895 ընտանիք, որից 641-ը Երևանում և 254-ը մարզերում, համարվում է առաջնահերթ կարիքավոր:ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս գործընթացը փուլային է․ առաջին փուլում ընդգրկվել են Երևանի 5 վարչական շրջանների 108 ընտանիքներ: Ասել է թե՝ կլուծվի 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրը։ Մյուս ընտանիքները հնարավորություն կունենան օգտվելու հաջորդ փուլերում։Բանն այն է՝ այս ընթացքում այդ ընտանիքները ժամանակավոր բնակվում են «Սեբաստիա», «Նաիրի» հյուրանոցներում, «Ինտերռիմինի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հանրակացարանում եւ հնարավոր է, որ այդ կացարանների սեփականատերերը պահանջեն ազատել տարածքը։