Լարված իրավիճակ. Կողմերն ամրացնում են սահմանները

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Տավուշի մարզի հետ սահմանային հատվածներում փոխհրաձգության եւ որոշակի դիրքեր վերահսկողության տակ վերցնելու մասին: Հայկական կողմը չի հերքում հառակորդի տեղաշարժերն առաջնագծում, բայց հայտարարում է, որ դա սովորական տեղաշարժ է սեփական տարածքում: Հայտնել են նաեւ մեկ հայ վիրավոր զինծառայողի մասին:Ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական զորքերի հերթական ակտիվացումը: Երեկ տեղեկություն է հրապարակվել Նախիջեւանում հրետանու մարտական պատրաստվածության ստուգումների մասին: Դրանից մի օր առաջ էլ Ադրբեջանը հայտարարել էր հայ զինծառայողի գերեվարման մասին:Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանում էր Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: Երեւանում բանակցությունների ժամանակ Պատրուշեւը քննարկել է երրորդ երկրներին սպառազինության վաճառքի կանոնակարգման հարցը: Այլ խոսքով, Երեւանը հերթական անգամ Մոսկվայի առաջ դրել է Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը, եւ Մոսկվան հերթական անգամ խոստացել է «կանոնակարգել»:Մինչ Պատրուշեւը Երեւանում էր, Կրեմլը հայտարարեց Պուտինի, Ռոհանիի եւ Ալիեւի հանդիպման չեղարկման մասին: Ընդ որում, ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Իրանն ու Ռուսաստանը դեմ են Թուրքմենստանից Կասպից ծովի հատակով դեպի Ադրբեջան գազամուղ անցկացնելուն: Իր հերթին, Թուրքիան հրաժարվեց Հայաստանի եւ Իրանի տարածքով Նախիջեւան թռիչքներից եւ օգտագործելու է նեղ «սուվերեն» միջանցքը: Դրանից անմիջապես հետո Ալիեւը զանգահարեց Ռոհանիին, եւ չնայած պաշտոնական հաղորդագրությունում խոսվում է երկու երկրների բարեկամական հարաբերությունների մասին, համատեքստում զգացվում էին անհաղթահարելի հակասությունները:Մի քանի օր առաջ Հայաստանի պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտնել էր, որ հայկական զինված ուժերն ինժեներական աշխատանքների շնորհիվ Ադրբեջանի հետ սահմանին մի շարք մարտական դիրքերում առավելություն են ստացել: «Ինժեներական աշխատանքների կատարման արդյունքում ունենք նշանակալի ձեռքբերումներ: Ինժեներական զորքերի առջև դրված խնդիրները բավական հաջող կատարվում են: Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին որոշակի լարվածություն առաջացել է նաև այն պատճառով, որ հակառակորդը փորձել է զսպել հայկական կողմի ձեռքբերումները», – ասել է Բալայանը:Հակառակորդը փորձել է նաեւ դիրքային առավելության հասնել, բայց հայկական Զինված ուժերը թույլ չեն տալիս, ասել է նա: Հուլիսի 27-ին եւ 28-ին Ադրբեջանից արձակված կրակոցից Հայաստանի պետական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում սպանվել էր ՀՀ ԶՈՒ զինծառայող Արման Բուլղադարյանը, եւս երկու զինծառայող վիրավորվել էին:Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին հրապարակել, որում ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ էին արել զերծ մնալ ցանկացած սադրիչ գործողությունից, այդ թվում՝ դիպուկահարներին օգտագործելուց եւ շփման գծին ու միջազգային սահմանին ինժեներական աշխատանքներ կատարելուց:Ինժեներական աշխատանքների ժամանակ դժվար է խուսափել բախումներից, բայց պետք է ենթադրել, որ երկու կողմն էլ մի նպատակով են անում՝ ամրապնդել գործող սահմանը:

Աղբյուրը lragir.am