«Սպայկա» ընկերության՝ պետությանը պատճառած վնասի չափը` տույժերով հանդերձ, նախնական կազմում է շուրջ 10 մլրդ դրամ, որից պետական բյուջե է վերականգնվել դեռևս 1 մլրդ դրամը:
Այս մասին օգոստոսի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:
«Քրեական գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում ընկերության՝ պետությանը պատճառած վնասի չափն ամբողջությամբ պարզելու ուղղությամբ: Այդ մասով գործողությունները նույնպես բավական բարդ և ծավալուն են, ինչը ժամանակ է պահանջում: Ընկերության կողմից պետական բյուջե է վերականգնվել դեռևս 1 մլրդ դրամ, սակայն կատարված վերահաշվարկների արդյունքում այս պահի դրությամբ, որը, բնականաբար, վերջնական չէ, ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը, տույժերով հանդերձ, կազմում է մոտ 10 մլրդ դրամ»,- ասաց Հովհաննիսյանը:2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը): ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից սույն թվականի ապրիլի 4-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ապրիլի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը և կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։