Դեռևս իրականացվում է հետաքննություն, բայց ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով զինծառայող, 2000 թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանի մարտական դիրքը լքելուն:
Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցների ձևակերպումներին, թե դասալքության պատճառը զորամասում անմարդկային վերաբերմունքն է, նա ասաց, որ հակառակորդի տեղեկատվական աշխատանքի «արդյունքն» է դա, և չի կարծում, որ անհրաժեշտ է տարածել այս տեղեկությունը: «Ես ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է»,-ասաց նա:
Դավիթ Տոնոյանը նշեց, որ համապատասխան միջազգային կառույցներին դիմել են, որ աշխատանքներ տանեն նրան վերադարձնելու ուղղությամբ: «Ես դեռևս չեմ կարող ասել, որ նա հոգեբանորեն էլ է մոլորվել, բայց աշխատանքի արդյունքում տեղեկություն կտանք: Ցավալի դեպք է բոլորիս համար, բայց կարծում եմ՝ նորմալ է անցնելու, նաև կոչ եմ անում Ադրբեջանի իմ կոլեգաներին, որ այդ տեղեկատվական աշխատանքը դադարեցնեն»,-ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից դեռևս չպարզված հանգամանքներում մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000 թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի։